Շահեն Պետրոսյան. Պետք էր Հայկական ավիաուղիները սնանկացնել, որպեսզի մեկ ուրիշը գա և տիրանա դրան
«Ինչպե՞ս կարող է 10 մլն դոլլար շահույթ ապահովող ընկերությունը հանկարծ սնանկանալ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Արմավիա» ավիաընկերության սնանկացման թեմայով հրավիրված քննարկմանն այս հարցը հնչեցրեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Ըստ նրա` տեղի է ունեցել արհեստական սնանկացում, որպեսզի ընկերությունը մասնավորեցվի և տրվի ինչ-որ մի անձի:
«10 մլն դոլլար ապահովող ընկերությունը, որի ուղևորների և բեռների թիվն ավելանում է տարեցտարի, կամային ձևով տրվում է այսինչ անձնավորությանը («особо приближенный к его императорскому величеству»)… Դրա համար պետք էր Հայկական ավիաուղիները սնանկացնել, որպեսզի մեկ ուրիշը գա և տիրանա դրան: Խնդիրը սա է, և քանի որ նորմալ մենեջմենթ չի իրականացվել, պարզ էր, որ պետք է սնանկանար»,- ասաց Շահեն Պետրոսյանը: Ընդգծելով, որ տվյալ խնդիրը կապված է Հայաստանի ազգային անվտանգության հետ, Շ. Պետրոսյանը հիշեցրեց 2006 թ. Սոչիում հայկական օդանավի ողբերգական վթարը` նշելով, որ այդ կապակցությամբ ոչ մի հետաքննություն չի արվել:
«Նորմալ տնօրենը` նման ողբերգությունից հետո հրաժարական կտար, չէ,՞ այդքան մարդ է այնտեղ զոհվել: Ոչ մի պատասխանատվություն ոչ ոք չի կրել»,- ասաց Շ.Պետրոսյանը` ընդգծելով, որ վթարի ենթարկված օդանավի «սև արկղի» տվյալները այդպես էլ չտրամադրվեց հայկական կողմին:
«Ես շատ զարմանում եմ, որ ընդհանրապես այս ավիացիայի թեման շատ փակ է, ոչ մի ինֆորմացիա հնարավոր չէ ներսից, այսպես ասած, հայթայթել: Դա ռազմական ավիացիա չէ, դա քաղաքացիական ավիացիա է, և բոլորս պետք է տեղյակ լինենք` ի՞նչ է կատարվում այդ ոլորտում»,- ավելացրեց Շահեն Պետրոսյանը:
Շ.Պետրոսյանը խոսեց նաև փոքր ավիացիայի գործարկման նպատակահարմարության մասին` նշելով, որ 1990-ականներին այն գործել է բավական հաջող և աշխատել է եկամուտով: Փոքր տարածությունների վրա իրականացվող չվերթներից նա մասնավորապես հիշատակեց Երևան-Ստամբուլ չվերթը, որն, ինչպես նա նշեց, բացվել է իր պաշտոնավարման օրոք:
Քննարկման մյուս բանախոսը` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, խնդրի մասին նշեց, որ որպես առաջին քայլ` Հայկական ավիաուղիներում պետք է շատ արագ իրականացվի աուդիտ, ինչի հետ համաձայնեց Շահեն Պետրոսյանը:
Իսկ Հանրային խորհրդի օդային հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանը նշեց, որ Հայաստանն ԱՊՀ-ում միակ երկիրն է, որը չունի օդային օրենսգիրք, այսինքն` Հայաստանում կա միայն մեկ օրենք ավիացիայի մասին, և այդ ոլորտն ընդհանրապես օրենսդրորեն կարգավորվելուց զուրկ է:
«Եթե սուբյեկտների փոխհարաբերություննրն օրենքով չեն կարգավորվում, այստեղ արդեն գալիս են տարբեր տեսակի ստվերային փոխհարաբերությունները, որոնք բերում են այն վիճակին, որում հիմա գտնվում է «Արմավիան»»,- նշեց Իզաբելա Մուրադյանը: Բացի այդ, Հանրային խորհրդի ներկայացուցիչը մատնանշեց, որ չկա ռազմավարություն և տվյալ ոլորտում իրականացվող համալիր քաղաքականություն:
Իր հերթին Շ.Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ունի «հոյակապ օրենսդրություն» և Սահմանադրություն, սակայն այդ օրենքները չեն գործում:
«Եթե օդային օրենսգիրքը չի գործելու, ո՞ւմ է պետք»,- ասաց նա: