Ավետիք Իշխանյան. Չափից դուրս շատ ոստիկանական խմբեր են եղել Երևանի տարբեր մասերում
Երեկ Բաղրամյան պողոտայում և Երևանի այլ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների թեմայով այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ ֆիքսել է մի քանի դեպք, երբ, իր պատկերացմամբ, խախտվել է օրենքի համաչափությունը:
«Համաչափության խախտման տեղերից մեկն այն էր, երբ Բաղրամյանի սկզբում` մոմավառության ժամանակ, մի քանի մոմեր են շպրտվել դեպի Ոստիկանության կողմը, իսկ Ոստիկանության կողմից շատ սուր, սեռական բնույթի հայհոյանքներ են եղել: Սա արդեն համաչափության հստակ անցում է»,- ասաց նա:
Հաջորդ խախտումը, ըստ նրա, ակտիվիսներին շատ կոպիտ ձևով բերման ենթարկելն էր և նաև Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, թե բերման է ենթարկվել միայն մեկ քաղաքացի, իսկ մյուսները հրավիրվել են Ոստիկանություն:
«Իրականում բոլորը բերման են ենթարկվել, և բավական կոպիտ է դա եղել»,- նշեց նա:
Իսկ թե որքանո՞վ էր համաչափ ընդհանրապես ակտիվիստներին բերման ենթարկելը, ըստ իրավապաշտպանի` առանձին դիտարկման հարց է:
Իսկ համաչափության երրոդ խախտումը, ըստ Ավետիք Իշխանյանի, հետևյալն է.
«Անկախ հավաքի բնույթից` դա իրազեկված է, արգելված, ինքնաբուխ է, թե շտապ հավաք է, եթե այն խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու»,- ասաց նա:
«Բայց կա մյուս կողմը. անկախ մեր վերաբերմունքից` այն ժամերին, երբ տեղի էր ունենում նախագահի երդմնակալության արարողությունը, չեմ կարծում, որ որևէ այլ երկիր համարձակվեր թույլ տալ այդ հավաքը: Բայց երեկոյան արգելումը, երբ ընթացել է խաղաղ երթ, և արգելվել է մուտքը դեպի Բաղրամյան պողոտա, այստեղ նորից խախտվել է համաչափությունը` Ոստիկանության կողմից»,- ավելացրեց նա:
Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ երթը եղել է խաղաղ, քանի որ այդ մասին իրեն վկայել են գրասենյակի դիտորդները, ովքեր նախագահական ընտրություններից հետո, այդ թվում` երեկ, իրականացրել են հավաքների և երթերի մոնիթորինգ:
Բացի այդ, Ավետիք Իշխանյանն ընդգծեց Ոստիկանության «չափից դուրս անհանգստությունը»:
«Չափից դուրս շատ ոստիկանական խմբեր են եղել Երևանի տարբեր մասերում, այդ թվում` քաղաքային երթուղիներից հանված ավտոբուսներով (ասենք, Զաքյան, Խորենացի փողոցներում 10-15 ավտոբուսներ կային` լեփ-լեցուն ոստիկաններով), նաև մենք ունենք լուսանկարներ, որ ՊՆ մեքենաներ էլ են եղել»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը: