ՀՀ քաղաքացին կեղծ պլաստիկ քարտերով արտասահմանյան բանկերի հաշվեհամարներից հափշտակել է զգալի գումարներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել տեխնիկական միջոցների կիրառմամբ արտասահմանյան բանկերում տարբեր քաղաքացիների բանկային հաշվեհամարներից գումարներ հափշտակելու բազմադրվագ մի գործ։
Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Լևոն Մատինյանին, ով, ըստ ԱԱԾ քննչական վարչության քննության տվյալների, 2011թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պատրաստել է խոշոր չափերով կեղծ վճարային փաստաթղթեր հանդիսացող, գույքային իրավունքի մասին վկայող, իր իսկ անվանական տվյալներով պլաստիկ քարտեր: Դրանց վրա՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ձայնագրել է արտասահմանյան բանկերում տարբեր քաղաքացիների բանկային հաշվեհամարները սպասարկող բանկային քարտերի հաշվեհամարների վերաբերյալ գողացված տվյալներ և նույն ժամանակահատվածում շրջանառության մեջ դնելով դրանք, ՀՀ տարածքում գործող՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության, «ՎՏԲ բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերության, «Յունիբանկ» ՓԲ ընկերության և «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կողմից սպասարկվող պոս-տերմինալների միջոցով իրացրել է պլաստիկ քարտերը:
Արդյունքում մեղադրյալը, ըստ նախաքննության մարմինների տվյալների, օտարերկրյա բանկերի մի շարք հաճախորդների հաշվեհամարներից գողության եղանակով թվով 58 առանձին դրվագով հափշտակել է գումարներ, ապա նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված այդ գումարներից մի մասի ծագման աղբյուրը և պատկանելիությունը, ինչպես իր, այնպես էլ կողմնակի անձանց համար վճարել է տարատեսակ ծառայությունների դիմաց, գնել զանազան ապրանքներ և ավիատոմսեր: Դրանով իսկ 49 առանձին դրվագով օրինականացրել է հափշտակված գումարները:
Փողերի լվացման բազմադրվագ այս գործն արդեն դատարանի վարույթում է։