
Իրանի հետախուզությունը լրջորեն զգուշացրել է նախագահական ընտրություններում սադրանքներ պլանավորածներին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեհին զգուշացրել է, որ լրջորեն կպատժվեն այն անձինք, ովքեր մտադիր են բախումներ սադրել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:
Մոսլեհին ընդգծել է, որ վճռականորեն կանխվելու և պատժվելու են օտար հատուկ ծառայությունների կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր փորձերը:
Հիշեցնելով 4 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին՝ Մոսլեհին հայտարարել է, որ հետախուզության նախարարության բոլոր ուժերն ուղղված են լինելու ընտրական շրջանում անվտանգության ապահովմանը:
Նշվում է, որ 16 մարդ իր թեկնածությունն է առաջադրել Իրանի նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու այս տարվա հունիսի 14-ին: