Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Եռաբլուր պանթեոնում. տրվեց խորհրդանշական հրետանային համազարկ
Պաշտոնի ստանձնման 2008թ. ավանդույթի համաձայն` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալությունից հետո այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրի ղեկավարը հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Տրվեց խորհրդանշական հրետանային համազարկ, հնչեց հնչեց Ռոբերտ Ամրիխանյանի «Երազի իմ երկիր, հայրենիք» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախատեսվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում կընդունի ՀՀ Զինված ուժերի Պատվո պահակախմբի եւ նվագախմբի քայլերթը:
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախագահն այսօր կընդունի նաեւ ՀՀ կառավարության հրաժարականը: Նախագահը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կկազմավորվի վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: