
Թետչերը նոր մտածելակերպ ձևավորեց իր երկրում ու Եվրոպայում. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ մշտապես հիացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերով, ով երեկ առավոտյան մահացել է 87 տարեկան հասակում:
Սաակաշվիլին ընդգծել է Թետչերի կողմից սեփական հայացքների համար պայքարելը. «Վերջին տարիներին ես անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ Թետչերի հետ: Ես դեռ մանկուց եմ հիացել նրա անձով: Թետչերը նոր մտածելակերպ ձևավորեց իր երկրում ու Եվրոպայում:
Երբեք չեմ մոռանա Լոնդոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպման ժամանակ նրա խոսքերը. «Դուք Վրաստանում անում եք այն, ինչ ես ցանկանում էի անել Մեծ Բրիտանիայում, սակայն չհասցրեցի մինչև վերջ անել դա»: Ես հուսով եմ, որ իր երկրի հանդեպ Թետչերի գործածած այդ արտահայտությունը երբեք չի կիրառվի Վրաստանի հանդեպ»:
Նշվում է, որ Թետչերի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 17-ին կամ 18-ին: