«Բագրատյան Հրանտը չի կարող սխալ հիմնավորումներ բերել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում կարգավորող օրենքի նոր նախագիծ:
Տնտեսագետ, նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ համոզված է՝ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծի ընդունումը և կիրառումը հնարավորություն կտա ոլորտում պայքարելու ստվերի դեմ: «Կանոնակարգման այնպիսի մոտեցումներ են հանդես բերված Հրանտ Բագրատյանի կողմից, համաձայն որոնց՝ նկատելիորեն մեծանում են նրանց պարտավորությունները ՀՀ նկատմամբ, և ընդհանրապես ընդերքը, որպես պետական հարստություն, ընդերքով պայմանավորված պարտավորությունների կատարումը լինում է ավելի բարձր մակարդակի վրա, ինչի պարագայում ես այդպիսի մոտեցումը ճիշտ եմ համարում»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն առաջարկում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:
Ինչպես նաև՝ ՀՀ-ում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքն օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
Անդրադառնալով օրենքի նախագծում ներկայացված հիմնավորումներին՝ Վարդան Բոստանջյանն ասաց.
«Բագրատյան Հրանտը չի կարող սխալ հիմնավորումներ բերել: Ես ոչ թե հակված եմ Հրանտ Բագրատյանին նկարագրելու, պարզապես ինքը երևույթը շատ լավ է հասկանում»: Վարդան Բոստանջյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանը բյուջետային մուտքերի ավելի մեծ պոտենցիալ ունի. «Բագրատյանի նախագիծը բերում է այնպիսի լուծման, որի պարագայում այդ պոտենցիալը կօգտագործվի ի շահ մեր երկրի»: