Բաժիններ՝

Քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ գտնված Սաթենիկը դեպքից 1,5 տարի անց ոտքի է կանգնել

Դեռևս 2011թ հոկտեմբերին քթի պլաստիկ վիրահատությունից հետո ամիսներ կոմայի մեջ անցկացրած Սաթենիկը դեպքից 1,5 տարի անց ոտքի է կանգնել: Այս մասին news.am-ի թղթակցին հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Աղջիկը դուրս չի գրվել հիվանդանոցից, ցերեկային ստացիոնար բուժում է ստանում, երբեմն տուն է գնում, հյուր է գնում և այլն: Նա այժմ վերականգնողական փուլում է, թե դա ինչքան կտևի և ինչ արդյունք կունենան, ժամանակը ցույց կտա:

Հիվանդանոցից հայտնել են, որ աղջիկը քայլում է, ինքնազգացողությունը լավ է, հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել, բայց դեպքից առաջ տեղի ունեցած բաները լավ հիշում է: «Նույնիսկ հիշել է Հունաստանում ապրող իր ընկերոջ հեռախոսահամարը, բառացի ասել է բոլոր թվերը, որ զանգեն, խոսի հետը»,- ասել է բժիշկներից մեկը: Վաղ է ասել, թե դեպքը ինչ ազդեցություն կունենա աղջկա հետագա առողջական կյանքի վրա:

Նա այժմ որևէ դեղորայք չի ընդունում, Սաթենիկի հետ աշխատում են հոգեբանը և լոգոպետը: Այս շրջանում ևս կարող են աղջկան դուրս գրել հիվանդանոցից, բայց նա դեռ չի ցանկանում, արդեն հարազատ է դարձել իր հիվանդասենյակը, բժիշկներն էլ սպասում են, թե նա երբ կցանկանա տուն գնալ:

Այս դեպքի բացառիկության վրա զարմացել են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի բժիշկները, ովքեր ավելի վաղ այցելել և տեսել էին աղջկան: Բժիշկները նրա դեպքը բոլոր տեսություններից դուրս են համարում: Նույնիսկ հիմա, երբ ամեն ինչ կարծես ավարտվել է, և աղջիկը ոտքի է կանգնել, բժիշկները չեն կարողանում ասել, թե ինչի հետևանք էր այս ամենը: «Էրեբունիի» բժշիկներից մեկն ասել է, որ հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ աղջիկը սրտի ռիթմի խանգարում ունենա, ինչը հանգեցրել է ուղեղի հիպոքսիայի, մյուս տարբերակը էպիլեպսիայի նոպան է:

Հիշեցնենք, որ 2011թ հոկտեմբերի 7-ին Երևանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետև անհասկանալի ձևով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա ավելի քան 5 ամիս կոմայի մեջ է եղել, սկզբից առաջընթաց չի եղել, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսել է աչքերը փակել, բացել և այլն:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ և վստահեցնում են, որ նա երբևէ, այդ թվում և վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս