Թուրքիայի տեղն ու նշանակությունը 21-րդ դարում. Ջորջ Ֆրիդման

Թուրքական Uluslarası Politika Akademisi (թարգմանաբար՝ Միջազգային քաղաքական ակադեմիա) ուղեղային կենտրոնում հրապարակվել է Սինա Քըսաջըքի «Ջորջ Ֆրիդմանի ու Զբիգնև Բժեզինսկու կարծիքով՝ Թուրքիայի տեղն ու նշանակությունը 21-ր դարում» հոդվածը, որում (այս նյութում՝ միայն Ֆրիդմանի հատվածը) ասվում է.

«Ջորջ Ֆրիդմանն ու Զբիգնև Բժեզինսկին մտնում են մեր դարաշրջանի արտաքին քաղաքականության հայեցակարգի խոշորագույն հիմնադիրների թվում: Ֆրիդմանի «Հետագա 10 տարիները. Ո՞րտեղ ենք մենք եղել … Ո՞ւր ենք գնում մենք» գիրքը և Բժեզինսկու «Ռազմավարական հայացք. Ամերիկան և գլոբալ հզորության ճգնաժամը» աշխատությունը նվիրված են 21-րդ դարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության վերլուծությանը:

Այդ երկու աշխատությունում էլ առաջնային պլան մղված երկրներից մեկը Թուրքիան է: Ֆրիդմանի կարծիքով՝ միակ երկիրը, որը հավասարակշռություն կհաստատի ի հակակշիռ Իրանի և կարող է հաջողության հասնել տարածաշրջանային ուժի վերածվելու հարցում, Թուրքիան է: Հետագա 10 տարվա ընթացքում նա դուրս կգա այդ մակարդակ, ինչ էլ որ անի Վաշինգտոնը:

Ունենալով աշխարհի 17-րդ խոշորագույն տնտեսությունը՝ Անկարան հնարավորություն ունի վերածվել Մերձավոր Արևելքի՝ տնտեսապես զարգացած խոշորագույն երկրի: Նա ունի ուժեղագույն բանակ տարածաշրջանում, և ամենայն հավանականությամբ Եվրոպայում (բացառությամբ ռուսների, հնարավոր է՝ նաև բրիտանացիների):

Ինչպես և մուսուլմանական աշխարհի բազում երկրներ, Թուրքիան իր սահմաններում բաժանված է աշխարհիկության ու իսլամիզմի միջև, սակայն համեմատած նրա հետ, թե ինչ է կատարվում մուսուլմանական մյուս երկրներում, Թուրքիայում այդ հենքով բախումները կրում են ավելի սահմանափակ բնույթ:

Թեհրանի կողմից Արաբական թերակղզում գերիշխանություն հաստատելը հակասում  է Անկարայի շահերին, քանի որ զգալիորեն աճել է նրա հետաքրքրությունը տարածաշրջանի նավթային պաշարների նկատմամբ: Դրա պատճառը Թուրքիայի ձգտումն է՝ կրճատել ռուսական նավթից ունեցած էական կախվածությունը: Բացի այդ, Անկարան չի ցանկանում, որպեսզի Թեհրանը դառնա ավելի ուժեղ:

Իրանում բնակվում է ոչ մեծ քանակությամբ քրդական բնակչություն, ինչն անհամեմատելի է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում բնակվող քրդերի մեծ թվաքանակի հետ: Դա իրողություն է, ինչը կարող է արդյունավետորեն օգտագործվել Թեհրանի կողմից: Քրդական հարցը քանիցս օգտագործվել է տարածաշրջանային ու գլոբալ ուժերի կողմից՝ Բաղդադի, Անկարայի ու Թեհրանի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Հետագա 10 տարվա ընթացքում իրանցիները ստիպված կլինեն կիսվել իրենց ռազմավարական կարևոր պաշարներով՝ Թուրքիայի դեմ պայքար մղել կարողանալու համար: Միևնույն ժամանակ արաբական աշխարհը կլինի ոմն չեմպիոնի փնտրտուքների մեջ, որը կարող է հակադրվել շիական Իրանին: Առավել հարմարավետ թեկնածուի դերում հանդես է գալիս սուննի Թուրքիան՝ չնայած Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում թուրքական հզորության ցավոտ պատմությանը:

Առաջիկա տասնամյակում Վաշինգտոնի համար անփոփոխ պայման է հանդիսանալու ամերիկյան շահերի հանդեպ Անկարայի մոտ թշնամական էմոցիայի լցվելուն խոչընդոտելը և Թեհրանի ու Անկարայի միջև դաշինքի առաջացման կանխմանը, ինչին կողմերը կարող են գնալ արաբական աշխարհում գերիշխանություն հաստատելու և այն բաժանելու նպատակով:

Բացի այդ, տվյալ դաշինքին կենսունակություն հաղորդելուն էլ ավելի են մեծացնում Սպիտակ տան հանդեպ Անկարայի ու Թեհրանի տածած վախերը: Ամերիկացիների հետ պայմանավորվածության հասնելն անորոշ ժամկետով կխաղաղեցնի իրանցիներին, սակայն դա կենթադրի բացառապես շահերի միություն, և ոչ թե երկարաժամկետ բարեկամություն:

Սպիտակ տան հետ ավելի երակաժամկետ համագործակցություն պահպանող Անկարան կարող է խաղալ կարևոր դեր նաև մյուս տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Բալկաններում և Կովկասում, որտեղ նա կկատարի բուֆերի դեր՝ ի հակակշիռ Ռուսաստանի նպատակների:

Երկարաժամկետ հեռանկարում Անկարան չի կարող կանգնեցվել Թեհրանի կողմից, Թուրքիան ավելի դինամիկ է տնտեսական տեսանկյունից, ինչի արդյունքում ի վիճակի է պահել ավելի ժամանակակից զինված ուժեր: Ավելի կարևորն այն է, որ աշխարհագրական տեսանկյունից Թեհրանն ունի տարածաշրջանային սահմանափակ այլընտրանքներ, մինչդեռ Անկարան ծավալվում է Կովկասում, Բալկաններում, Միջին Ասիայում, և վերջապես՝ միջերկրածովյան տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում: Դա դաշինքներ կնքելու հնարավորություն է տալիս, ինչից զրկված է Իրանը:

Իրանը երբեք էլ չի ունեցել ռազմածովային զգալի ուժեր և ապագայում նույնպես չի ունենալու՝ ելնելով իր աշխարհագրական դիրքից: Մինչդեռ ռազմավարական կարևորություն ունեցող նեղուցներին տիրապետող Թուրքիան մշտապես գերիշխել է միջերկրածովյան ավազանում, ինչը պահպանվելու է նաև հետագայում: Առաջիկա տասնամյակում զգալիորեն կաճի Անկարայի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանում գերիշխող ուժ:

Անկարան այսօր արդեն բավական կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, հետագա տասը տարիները նրա համար կդառնան բազմակողմ մոբիլիզացիոն ժամանակաշրջան: Դրա իրագործման անհրաժեշտ պայման է համարվում գոյություն ունեցող ներքին խնդիրների կարգավորումը և տնտեսության ամրապնդումը: Դրա հետ մեկտեղ կպահպանվի այն արտաքին քաղաքականությունը, որն Անկարան վարում է ցայսօր: Թուրքիան չի մտնում հակամարտությունների մեջ, ինչի համար էլ կարևոր դիրք կզբաղեցնի տարածաշրջանում, սակայն դա չի լինի վճռորոշ:

Վաշինգտոնը պետք է Անկարային դիտարկի երկարաժամկետ հեռանկարում և ճնշումներ չբանենցի նրա զարգացումը զսպելու համար: Որպես մերձավորարևելյան խնդիրների բուժման դեղամիջոց՝ ԱՄՆ նախագահը պետք է ժամանակավոր պայմանավորվածություն կնքի Թեհրանի հետ: Դա կհանգեցնի նրան, ինչը Թեհրանն է ցանկանում. թույլ կտա ձեռք բերել Սպիտակ տան առջև նահանջի հարթակ և միաժամանակ սուննի մուսուլմանների համար կծառայի որպես առիթ՝ միասնական թշնամու դեմ միավորվելու համար:

Այլ կերպ ասած՝ Արաբական թերակղզին հանձնելով Իրանի ազդեցության գոտուն, նախագահը պետք է սահմանափակի տարածաշրջանի նկատմամբ ուղիղ վերահսկողությունը: Սակայն, անկախ այդ ռազմավարության իրագործվել-չիրագործվելուց, տարածաշրջանում ուժերի դասավորվածության բաշխումն ավարտվելու է հօգուտ Թուրքիայի: Ուժեղ Անկարան զսպելու է Թեհրանին ու Թել-Ավիվին և աջակցելու է Արաբական թերակղզում կայունության ապահովմանը:

Հարմար ժամկետ ընտրելով՝ Անկարան մարտահրավեր կնետի Թեհրանին, և կառաջանա ուժերի նոր դասավորվածություն, որը տարածաշրջանում կհաստատի կայունություն: Դա իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային նոր հավասարակշռության, սակայն դա տեղի չի ունենա առաջիկա տասնամյակում: Դա քաղաքական նախապատվելի այլընտրանք է, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու առավել տրամաբանական ելք»:

Հիշեցնենք, որ ամերիկացի քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը 1996 թվականին հիմնադրել է ամերիկյան Stratfor վերլուծական-հետախուզական կենտրոնը: Ֆրիդմանը հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում նաև «Ամերիկայի գաղտնի պատերազմը» (2004) և «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում» (2007):

Տեսանյութեր

Լրահոս