Ջոն Քերիի այսօրվա թուրքական այցի օրակարգում կլինի 4 կարևոր թեմա
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանում է Թուրքիա` մասնավորապես Ստամբուլ: Այստեղ նա վաղը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Այդ հանդիպումների օրակարգում է գտնվելու 4 կարևոր թեմա: Դրանցից առաջինն առնչվում է թուրք-իսրայելական հարաբերություններին: Իսրայելի հետ իր հարաբերությունները կարգավորելուց հետո Անկարան ցանկանում է, որ ԱՄՆ-ն ազդեցիկ ճնշում գործադրի Իսրայելի վրա` կապված մերձավորարևելյան (իսրայելա-պաղեստինյան) խաղաղության գործընթացի հետ:
Այդ պլանում նշվում է նաև Էրդողանի առաջիկա այցը Գազայի հատված: Թուրքիան ցանկանում է նաև հյուրընկալել պաղեստինա-իսրայելական բանակցությունները, եթե նրանց հարաբերություններում գրանցվի զգալի առաջընթաց: Ջոն Քերին Թուրքիայից հետո մեկնելու է Իսրայել:
Երկրորդ կարևոր խնդիրն առնչվում է Իրանի կողմից Իրաքի տարածքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին զենք և այլ տիպի օգնություն մատակարարելու կասեցմանը, ինչը ցանկանում է Թուրքիան: Ջոն Քերին այս հարցում կարող է նպաստել Անկարայի ու Բաղդադի միջև համագործակցության մեծացմանը:
Երրորդ խնդիրը վերաբերում է Կիպրոս կղզում բանակցությունների վերսկսմանն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում ածխաջրածինների հետազոտման ու արդյունահանման աշխատանքներին: Դավութօղլուն զգուշացրել է, որ եթե (Հարավային) Կիպրոսն իրականացնի նման աշխատանքներ, ապա նույնը կանի Հյուսիսային Կիպրոսը:
Չորրորդ խնդիրն էլ վերաբերում է Europol-ի 2013 թվականի այն զեկույցին, որ ԵՄ-ի տարածքում հերոինի մեծ մասը հայտնվում է Թուրքիայում կազմակերպվծ հանցավոր խմբերի կողմից: Թուրքական կողմը համաձայն չէ դրա հետ` ընդգծելով, որ Թուրքիայում հերոինի առգրավման ծավալն ավելացել է 3-4 անգամ:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլն անակնկալ է համարել Ջոն Քերիի այսօրվա թուրքական այցը` ընդգծելով, որ Քերին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր առաջին թուրքական այցն իրականացրել է այս տարվա մարտի 1-ին: Ի դեպ, ապրիլի 17-ին էլ Թուրքիա է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: