Բաժիններ՝

«Վախն է ինձ խանգարում… չափից շատ բաց գրելու, մարդկանց ճակատագրերի ու անձնականի մեջ անտեղի խառնվելու վախը»

«Եթե չլիներ «Բաց հասարակություն հիմնադրամը», ես նույնիսկ չէի կարող երազել իմ «Ստրիպտիզ» պիեսը բեմադրելու մասին»,- ասում է Սեդա Ստեփանյանը:

Ամիսներ առաջ հեղինակն իր պիեսներից մեկը` «Ստրիպտիզը», ներկայացրել էր BBC-ի ռադիոպիեսների մրցույթին, որը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ռադիոպիես: «Շարունակելու եմ ստեղծագործել և ցանկություն ունեմ, որ իմ ստեղծագործությունները հրատարակվեն և բեմադրվեն, շատ մեծ արձագանք եմ ստացել ամբողջ աշխարհից: Շատ տպավորված եմ, որ շատ հայ երիտասարդներ են ինձ գրում, ցանկանում են պիեսի ամբողջական տարբերակը կարդալ: Ապրիլին պրեմիերան կլինի, արդեն պատրաստ է: Գոռ Մարգարյանը վերջին շտրիխներն է անում: Երեկ ևս մի նոր պատմվածք եմ գրել. ի դեպ, իմ բոլոր աշխատանքները սկսվում են կարճ պատմվածքներից»,- ոգևորված պատմում է Սեդա Ստեփանյանը:

Վերջինս, թեև այժմ Հայաստանում չի բնակվում, բայց բավական ուշադիր հետևում է երկրի ներքաղաքական, տնտեսական կյանքին, մարդկանց այս կամ այն հարցի շուրջ արտահայտած կարծիքին, ունեցած վերաբերմունքին: Սեդան իր ստեղծագործություններում բավական անկաշկանդ է: Հստակ ներկայացնում է այն, ինչ միգուցե անձնական է:

Հարցին, արդյո՞ք չի վախենում իր հերոսների արձագանքից, չէ՞ որ իր պատմվածքի հերոսները հորինված չեն` կենդանի են ու ապրում ենք մեր կողքին, նա պատասխանեց. «Մեղադրե՞ն… կարող են մեղադրել իմ շրջապատի մարդիկ, կարող են նեղանալ երբեմն, քանի որ իրենց կերպարներն եմ օգտագործում իմ ստեղծագործություններում, երբեմն վախենում եմ, նեղացնել չեմ սիրում, աշխատում եմ հերոսների անուններն ու դեպքերի վայրերն այնպես փոխել, որ ոչ ոք, բացի հերոսից, գլխի չընկնի, իսկ հասարակության կարծիքի համար ես միշտ բաց եմ, սիրում եմ լսել տարբեր կարծիքներ, քննարկումներ, բայց լուրջ քայլեր` գիրք հրատարակել, լայն հարթակներից երևալ, դեռ չեմ ցանկանում: Երևի վախն է ինձ խանգարում… չափից շատ բաց գրելու, մարդկանց ճակատագրերի ու անձնականի մեջ անտեղի խառնվելու վախը»:

Կարդացեք նաև

Վերջինս թե՛ հայ, թե՛ արտասահմանյան լսարանին հայտնի է դարձել համացանցի շնորհիվ և կարծում է, որ այսօր հայ երիտասարդ ստեղծագործողներին միայն տաղանդ է անհրաժեշտ՝ հոգում կատարվածը դիմացինին ճիշտ փոխանցելու համար: «Երիտասարդ ստեղծագործողներին, ըստ իս, ոչինչ չի պակասում: Եթե խորհրդային տարիներին գրողը պետք է անպայման ստանար «Գլավլիտի» հավանությունը և լիներ Գրողների միության անդամ, որպեսզի կարողանար որևէ բան հրապարակել, հիմա յուրաքանչյուր ոք կարող է համացանցում մեծ լսարան ունենալ: Խորհրդային տարիներին գիրքը տպագրվում և ներկայացումը բեմադրվում էր պետական ֆինանսավորմամբ, իսկ այժմ երիտասարդ ստեղծագործողը պետք է այդ ամենն իր միջոցներով անի, ինչը բավականին բարդ է: Եթե նաև աշխատում ես, շատ քիչ ժամանակ և էներգիա է մնում ստեղծագործելու համար»,- ասաց Ս. Ստեփանյանը:

Թեև համացանցը մերօրյա մտածողին լայն հնարավորություն է ընձեռում առաջ գնալու, մեծ լսարան հավաքելու, բայց կա մի կարևոր լսարան, որ մարդուն միշտ առաջ է մղում. դա հարազատ, կարեկից մարդկանց կարծիքն ու հավատն է հանդեպ քեզ: «Գլխավորն ու առաջնայինը հենց առաջին կարծիքն է: Կարևոր է, թե ով է կողքիդ և ինչպես է արձագանքում քո հաջողությանը: Երբ ինձ տեղեկացրին մրցույթում իմ հաղթանակի մասին, կողքիս իմ ղեկավարն էր`Հրայր Թամրազյանը, նրա վառ արձագանքն ինձ շատ ոգևորեց: Ես երբեք չեմ կարծել, թե մեծ բան եմ անում կամ մեծ բանի եմ հասել իմ հաղթանակով, սակայն արձագանքները շատ բան փոխեցին իմ կյանքում, ես դրանց շնորհիվ աշխատելու նոր ուժ եմ ստանում»,- ասաց Սեդա Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս