Ոստիկանները կհրավիրվեն դատարան
ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի աշխատավարձերը, այն է՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության գործով առաջիկայում դատարան կհրավիրվեն ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի նախկին ու ներկա պատասխանատուներ:
Այսօր այսպիսի որոշում կայացրեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, բավարարելով մեղադրող կողմի համապատասխան միջնորդությունը: Ամբաստանյալներ, եղբայրներ Վարդան և Դավիթ Սարգսյանները, ինչպես նաև ամբաստանյալ Գևորգ Հովակիմյանը հայտարարել էին, որ նախաքննության ընթացքում ոստիկանությունում իրենց նկատմամբ քննության խորթ մեթոդներ են կիրառվել՝ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրվել:
Գործով ամբաստանյալները 5-ն են, որոնցից երկուսը՝ Վարդան և Դավիթ Սարգսյանները եղբայրներ են, իսկ մյուս երկուսը՝ Ռադիկ Հովագիմյանն ու Գևորգ Հովակիմյանը՝ հայր ու որդի:
Ըստ մեղադրանքի, ֆինանսական մեծ պարտքեր ունեցող Վարդան Սարգսյանը՝ տեղեկանալով, որ զորամասի աշխատավարձերը բաժանվում են կանխիկ և որ այն բերվում է 3 անձանց ուղեկցությամբ, եղբոր` Դավիթ Սարգսյանի հետ մտադրվում են իրականացնել ավազակային հարձակում և հափշտակել այդ գումարը: Այդ նպատակով Վ. Սարգսյանը ստեղծում է կազմակերպված կայուն խումբ` իր ծրագրի մասին տեղեկացնում է իրեն պատկանող «Դ և Վ» տաքսի ծատայության վարորդ Ռադիկ Հովագիմյանին, վերջինիս որդուն` ՀՀ ՈԶ հիշյալ զորամասի պայմանագրային զինծառայող Գևորգ Հովակիմյանին, համաթաղեցի, իրենց մտերիմ Գևորգ Աբրահամյանին, ովքեր համաձայնում են ավազակությամբ հափշտակել զորամասի աշխատավարձերի առանձնապես խոշոր չափերի հասնող գումարը:
Ավազակային հարձակումը իրականացնելու նպատակով ձեռք են բերում ավտոմեքենա , զենք, դիմակներ և կատարում են դերաբաշխում, հետո հետևում են ավտոմեքենային և դարանակալում: Զորամասի հաշվապահը, գանձապահը, սպան ու ենթասպան ավտոմեքենայով զորամասի աշխատավարձը` 93.720.000 դրամ գումարը հաշվապահությունից ստանալուց հետո ուղևվորվում են զորամաս: Իսկ խմբի անդամները իրենց մեքենայով բախում են «կազմակերպում» գումարը տեղափոխող ՈԶ մեքենայի հետ, Վարդան և Դավիթ Սարգսյանները ոստիկանության զորքերի մեքենայի ուղևորների դիմադրությունը կոտրելու և նրանց պահպանության տակ գտնվող գումարը հափշտակելու նպատակով, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենց մոտ եղած 1 հատ գազային և 1 հատ օդաճնշիչ ատրճանակները ուղղում են նրանց վրա, սակայն հանդիպելով դիմադրության և չկարողանալով գումարը հափշտակել, դիմում են փախուստի: