«Արմեն Մարտիրոսյանի ձեռքերն ազատ են». Անահիտ Բախշյան
«Բարև, Երևան» նախընտրական դաշինքը չի հրաժարվի Երևանի ավագանու մանդատներից, եթե անգամ մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում չստանա մեծամասնություն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Երբ 2007թ. էլի կեղծված ընտրությունների արդյունքում մենք յոթ հոգով անցանք խորհրդարան, բոլորը մեզ քարկոծում էին՝ ցած դրեք մանդատները, բայց մենք ասացինք՝ոչ, եթե մենք անգամ յոթ հոգի ենք, յոթով կծառայենք, և դա մենք ցույց տվեցինք: Նույն ձևով ավագանիում ենք անելու: Ես, համենայնդեպս, այդպիսի տեսակետ (մանդատներից հրաժարվելու մասին.- Ա.Փ.) մեր կուսակցությունում չեմ լսել: Մենք գնալու ենք և աշխատելու ենք»,- ասաց Անահիտ Բախշյանը: Նա համոզված է՝ եթե 2009-ին Հայ ազգային կոնգրես դաշինքը չհրաժարվեր Երևանի ավագանու մանդատներից, շատ խնդիրներ, որոնք այսօր Երևանում ծառացել են, գուցե այդ աստիճանի չլինեն: «Մենք ուսումնասիրել ենք Երևանի ավագանու աշխատանքները. այնտեղ բոլոր որոշումնեըր միաձայն են կայացվել: Այսօր «Բարգավաճն» իրեն հանկարծ փորձում է վերագտնել: Եթե դուք այսօր քննադատում եք Երևանի այս վիճակն, ուրեմն առաջին հերթին ասեք, որ մեր մեղքով, մեր քվեարկությամբ է դա արվել, մեր մասնակցությամբ է դա եղել: Այն ժամանակ քվեարկել եք, հիմա քննադատում եք»,- նկատեց «Բարև, Երևանի» թեկնածուն:
Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետական կուսակցության այն պնդումներին, թե ներկայիս քաղաքապետ և Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը տեսած երևանցին ինչո՞ւ պիտի նախապատվությունը տա այս բնագավառում անփորձ Արմեն Մարտիրոսյանին, ով գլխավորում է «Բարև, Երևան» ցուցակը, Անահիտ Բախշյանը հակադարձեց. «Տարոն Մարգարյանն, այո, շնորհալի երիտասարդ է, այո, Ավանն իր իրոք տարբերվում էր, բայց կան կուտակված բազմաթիվ խնդիրներ: Տարոն Մարգարյանն, օրինակ, այդպես էլ չի կարողացել լուծել տրանսպորտի խնդիրը, շատ ցանկանալու դեպքում էլ չի կարողանա լուծել, որովհետև, գիտենք. թե որ գիծն՝ ում է պատկանում, նա չի կարող այնտեղ կարգուկանոն հաստատել, ինչքան էլ ցանկանա: Տարոն Մարգարյանի և Արմեն Մարտիրոսյանի տարբերությունն այն է, որ Արմեն Մարտիրոսյանի ձեռքերն ազատ են, ինքը որևէ կապանք չունի և կարող է օրենքով աշխատել»:
Անահիտ Բախշյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում: