Արմեն Աշոտյանի ղեկավարած նախարարությունում նո՞ւյնպես ցուցակագրում են
Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ցուցակներ է կազմում ՀՀ կրթության և գիտության նախարարարությունում և մի շարք բուժհիմնարկներում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:
«Այդպիսի մի հատ թուղթ էլ ես ունեմ` Կրթության և գիտության նախարարության ցուցակ: Չգիտեմ, թե դա ինչ է: Ինձ բերեցին, ցույց տվեցին, թե՝ տեսեք, տիկին Բախշյան, Կրթության նախարարությունն այսպիսի թղթեր է բաժանում. ցուցակ է՝ համարակալված, անուն-ազգանուն, ընտրատեղամաս, անձնագրային տվյալներ»,- ասաց Անահիտ Բախշյանը: Նա դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ ովքեր են ընդգրկված այդ ցուցակում՝ նախարարության աշխատակիցնե՞րը, թե՞ նրանց կողմից առաջարկվող պոտենցիալ ընտրողները: Անահիտ Բախշյանն ասաց, որ այս թեմայի շուրջ առայժմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ չի խոսել: Նա պնդեց, որ, իր ունեցած տեղեկություններով, այդպիսի թղթեր բաժանվում են նաև Երևանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ ահազանգ են ստացել քաղաքացիներից այն մասին, որ իրենց բնակարանի հասցեում անհայտ մարդկանց անուններ են հայտնաբերել: