Քաղաքական մրցակիցները ժապավենը կտրեցին միասին
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության նորակառույց մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը կատարեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքին կից, որտեղ վերջերս ավարտված հիմնանորոգումից հետո տեղակայվել է նաև ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը, արդեն գործում է ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնը։
Բացման հանդիսավոր արարողության հյուրերին ողջունում էին հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները, իսկ պարային ու երաժշտական ուրախ կատարումները տոնական միջոցառման մասնակիցներին պարգևեցին բարձր տրամադրություն։
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը, ողջունելով հյուրերին, ասաց.
– Երեք տարին մեծ ժամանակահատված է, եթե ուզում ես աշխատել, իսկ չափազանց քիչ` չաշխատելու դեպքում: Մեր նախարար Ա. Երիցյանը հասցրել է հսկայածավալ աշխատանք կատարել: Նրա անբասիր գործունեության շնորհիվ այսօր ԱԻ նախարարությունը կանգնած է յուրաքանչյուրի կողքին: Մեր ժողովուրդը զգում է և գնահատում: ԱՒ նախարարի ջանքերի շնորհիվ համակարգը դարձավ միասնական, և բոլորը նայում են մեկ ուղղությամբ: Մեր տղաները ձեր կողքին են: Մշակույթի կենտրոնը բոլորիս ջանասեր աշխատանքի արդյունքն է։ Իհարկե, մեծ է նաև քաղաքապետ Տ. Մարգարյանի ներդրումը, ով արդեն երրորդ անգամ է մասնակցում ԱԻ նախարարության միջոցառումներին: Ամեն նորակառույց հիմնադրվող օջախ Հայաստանի պաշտպանությունն է ու հզորությունը: Բոլորիս սրտանց շնորհավորում եմ:
Բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրելուց հետո ԱԻ նախարար Ա. Երիցյանը, քաղաքապետ Ս. Մարգարյանը և մշակույթի նախարար Հ. Պողոսյանը շրջեցին մշակույթի կենտրոնի շենքում` ծանոթանալով այնտեղ գործող ստեղծագործական խմբակների աշխատանքին։
Յուրաքանչյուր անկյունում հյուրերին սպասում էր որևէ գեղեցիկ անակնկալ` երաժշտական ու թատերականացված բեմադրության տեսքով։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, մասնավորապես ասաց.
– Ես ինքս հաճախ եմ այստեղ եղել, աշխատանքային խմբի հետ համատեղ բազմիցս քննարկել ենք առկա խնդիրները և անելիքները: Այս կենտրոնը շատ կարևոր դերակատարում ունի, այն նախատեսված է մեր երեխաների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն հաճախել: Ընդհանուր առմամբ` շատ դրական եմ գնահատում կատարված աշխատանքը, բայց ուզում եմ նշել, որ դեռ բազում անելիքներ ունենք:
Վեց տարեկանից բարձր երեխաները կունենան բոլոր անհրաժեշտ պայմաններն իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։