8 հարց, 8 պատասխան՝ ուսանողներին տրվող վարկերի վերաբերյալ

Մեկնարկում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։

1. ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Հաշվի առնելով բարձրագույն կրթության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և մրցունակության բարձրացման գործընթացում, ինչպես նաև բարձրագույն կրթության ընդլայնմանը խոչընդոտող արգելքներից մեկը մատչելի ֆինանսների բացակայությունը, ՀՀ կառավարությունը ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախաձեռնել է ուսանողներին հասանելի վարկերի տրամադրման գործընթացը: Ուսանողական վարկը ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառող ուսանողի ուսուցման վճարի պարտավորության մարման (ամբողջությամբ, կամ մասնակի) նպատակով տրամադրված սպառողական վարկն է:

2. ՈՐՆ Է ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողներին և նպաստել գիտելիքահեն ներուժի զարգացմանը:

3. ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐԻՑ
Ծրագիրը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:

4. ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍԱՆՈՂ ԱԿՆԿԱԼԵԼ
Յուրաքանչյուր ուսանողի ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը կտրամադրվի 1.800.000 ՀՀ դրամ, առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

5. ԻՆՉ ԺԱՄԿԵՏ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար (կմարվեն միայն տոկոսա¬գումարները):

6. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵԼՈՒ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Ուսանողներին ուսումնական վարկերը կտրամադրվեն 12 տոկոս տարեկան դրույքա¬չափով: Ուսանողներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնա¬կան վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 2 տոկոսային կետին համարժեք մասը:
12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնական վարկերից մեկ ուսումնական տարվա արդյունքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած բոլոր ուսանողների համար պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը:

7. ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկի միջնորդավճար չի նախատեսվում, ուսանողներին ուսումնական վարկերը տրամադրվում են անկանխիկ. վարկի գումարը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատություններին,
Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի ապահովությունը ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությունն է,
Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մարման եղանակը ամսական անուիտետային վճարներն են,
Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,
Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

8. ՈՐ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՅՍ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԿԵՐԸ
ՀՀ առևտրային մի շարք բանկեր արդեն իսկ մասնակցում են նշված ծրագրին: Իսկ այն ՀՀ առևտրային բանկերը, որ դեռևս չեն միացել ծրագրին, ապա կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն:

Տեսանյութեր

Լրահոս