Ալմա Աթայում մեկնարկել են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի ու «Վեցյակի» միջև բանակցությունները:

Ակնկալվում է, որ այսօր կայացող առաջին փուլից հետո տեղի կունենա Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև մամլո կոնֆերանս: Պլանավորված է Ալմա Աթայում «միջուկային» բանակցություններն ամբողջովին ավարտել վաղը:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին: Հանդիպման ժամանակ Ռուսաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

ԱՄՆ-ից Ղազախստան է ժամանել քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը, Մեծ Բրիտանիայից՝ այդ երկրի ԱԳՆ-ի՝ քաղաքական հարցերով դեպարտամենտի տնօրեն Սայմոն Գասը:

Գերմանիան ներկայացնում է ԱԳՆ-ի քաղաքական տնօրեն Հանս-Դիտեր Լուկասը, Չինաստանից ժամանել է արտգործնախարարի օգնական Մա Չժաոսյույը, իսկ Ֆրանսիայից՝ լիազոր խորհրդական, ԱԳՆ-ի քաղաքական ու անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Ժակ Օդիբերը:

ԵՄ-ի պատվիրակությունը գլխավորում է ԵՄ-ի՝ արտաքին հարցերով ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Հիշեցնենք, որ Ալմա Աթայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նախորդ փուլն անցկացվել է այս տարվա փետրվարի 26-27-ին: Այն ժամանակ կողմերը պայմանավորվեցին փորձագետների մակարդակով տեխնիկական հանդիպում անցկացնել մարտի 18-ին Ստամբուլում, ինչպես նաև իրենց հաջորդ հանդիպումն Ալմա Աթայում անցկացնել ապրիլի 5-6-ին:

Տեսանյութեր

Լրահոս