Բաժիններ՝

Կոտայքի մարզպետ. «Ցավակցելու օրն էսօր է, կարծում եմ՝ կգնամ»

Այսօր Ոստիկանությունը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ օրեր առաջ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան երեք ձերբակալվածներ: Ոչ պաշտոնական տեղեկություններով` ձերբակալվածները գյուղապետի ընտրություններում պարտված թեկնածու, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի թիմակիցներից են: Ի դեպ, մենք փորձեցինք որոշ մանրամասներ ստանալ Ա. Մուրադյանից, ով, սակայն, այդպես էլ չպատասխանեց  մեր հեռախոսազանգերին: Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ 168.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, թե ինքը նման տեղեկություններ չունի: «Այդ մասին հարցրեք Արթուր Մուրադյանից»,- ասաց մարզպետը: Հարցին, թե ինքը` որպես մարզի ղեկավար, գնացե՞լ է ցավակցելու սպանված գյուղապետի ընտանիքին, Կ. Շահգալդյանը պատասխանեց. «Ցավակցելու օրն էսօր է, էսօր է հոգեհանգիստը: Կարծում եմ` կգնամ»: Երբ ներկայացրեցինք պռոշյանցիների այն տեսակետը, թե վերջին ժամանակաշրջանում նրա և Հրաչ Մուրադյանի փոխհարաբերությունները լարված էին, տարաձայնություններ կային նրանց միջև, մարզպետն այդ կապակցությամբ նշեց. «Ես իմ կարծիքն արտահայտել եմ: Մի քանի լրատվամիջոցներ էլ այդ կարծիքը զետեղել են և՛ թերթի էջերում, և՛ կայքերում: Նոր բան ավելացնելու մտադրություն չունեմ, և մի շահարկեք, էլի, ի վերջո, մարդ ա մահացել, սպանվել, ինչի՞ եք շահարկում: Դարձրել եք շահարկման թեմա, առարկա, բարոյական չէ»: Իսկ այն հարցին, թե արդյոք սպանությունը քաղաքական դրդապատճառներո՞վ չի եղել, ինչպես հայտարարել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մարզպետը պատասխանեց, որ իրավապահ մարմինները քննությունը կավարտեն և կբացահայտեն մեղավորներին: «Բոլորս միասին, այդ թվում՝ և ես, ձեզ հետ միասին, կիմանանք իրական պատճառները, իրական մեղավորներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 09:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գյուղացիներից ոմանք 168.am-ի հետ զրույցում սպանության հնարավոր վարկածներից մեկը կապում են գյուղապետի պաշտոնի հետ, ինչի նկատմամբ, ինչպես իրենք ասացին` «աչք դնողներ կային», այլ կերպ ասած` այդ վարկածը հետապնդողները բացառապես քաղաքական դրդապատճառներ են տեսնում: Հիշեցնենք նաև, որ Հ. Մուրադյանն Արցախյան հերոսամարտի մասնակիցներից էր, ամուսնացած էր, ունի 4 անչափահաս երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս