Բաժիններ՝

«Արմավիայի» պատճառով UPS-ի բեռները տեղ չեն հասնում

Փոստային առաքումների ծառայություններ իրականացնող UPS ընկերության աշխատանքները  մարտի 29-ից պարալիզացված են: Պատճառն «Արմավիա»  ավիաընկերությունն է, իսկ ավելի ճիշտ ՝ ավիաընկերության թռիչքների դադարեցումը:  «Արմավիայի» միջոցով  աշխարհի շուրջ 200 պետություն առաքվող ծանրոցների  ճակատագիրը UPS-ում դեռ անհայտ է:

«Եթե մենք փոստային ծառայություն էինք իրականացնում, օգտվում էինք միայն իրենցից, և իրենք դադարեցրել են իրենց թռիչքները, պատկերացրեք՝ դա ինչպես կազդի մեզ վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Համբարձում Քուփելյանը: Նա նշեց, որ «Արմավիան»  բեռները հասցնում էր Մոսկվա, որտեղից էլ ընկերության մոսկովյան մասնաճյուղը կոորդինացնում էր աշխատանքի մնացած մասը:  Հ. Քուփելյանի խոսքերով, իրենք մոտ 5 տարի է՝աշխատում էին «Արմավիայի» հետ և երբևէ խնդիր չեն ունեցել: Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ «Արմավիան» ոչ հուսալի գործընկերոջ համարում ուներ: «Շատ նորմալ աշխատում էր, խնդիր երբևէ չի եղել, հիմա մարդիկ որոշեցին, որ չեն կարողանում աշխատել, մենք էլ պետք է գտնենք նոր ձևեր»,- նշեց Համբարձում Քուփելյանը: Նա ավելացրեց, որ «Արմավիայի»  հետ խնդիրներ չեն ունեցել գուցե նաև այն պատճառով, որ իրենք են եղել հաճախորդը և պարտաճանաչ կատարել են վճարումները: Ի դեպ, ընկերության տնօրենի խոսքերով, «Արմավիան» այլ ավիաընկերությունների համեմատ  փոխադրումների համար ավելի մատչելի սակագներ էր սահմանել:  Նախկին գործընկերն ամեն դեպքում UPS-ին անհարմար իրավիճակի առաջ է կանգնեցրել նաև այն պատճառով, որ «Արմավիայի»՝ թռիչքները դադարեցնելու հայտարարությունն անակնկալ է եղել նաև նրանց համար: «Մենք ուրբաթ լսեցինք, որ չեն աշխատելու»,- ասաց Համբարձում Քուփելյանը:  Նա վստահեցրեց, որ  հաճախորդներն ըմբռնումով են մոտենում խնդրին՝ հասկանալով իրավիճակը, իրենք էլ ամեն ինչ անում են ծանրոցները տեղ հասցնելու համար:  «Մեր մշտական հաճախորդները գիտեն, որ մենք այդ հարցը պարտավոր ենք լուծել և կլուծենք: 1996թ.-ից ծառայություն ենք մատուցում, մեզ ոչինչ չի կանգնեցրել, և էլի կշարունակենք»,- ասաց ընկերության ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք հզոր  ընկերություն են և աջակցություն ստանում են դրսի գործընկերներից։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կլուծեն խնդիրը:

Նա դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որ ուղղություններով առաքվելիք բեռներն են հետաձգվել, սակայն նշեց, որ ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ  մշտապես ունեն պատվերներ: Չնայած «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ բանակցություններ են վարում այլ ավիաընկերությունների հետ՝ «փակելու» այն  ուղղությունների  խնդիրը, որոնք միայն «Արմավիան» էր իրականացնում, ընկերությունում հույսներն իրենց վրա են դնում և փորձում խնդիրը լուծել իրենց կապերով:

Ի տարբերություն  UPS-ի, որը միայն «Արմավիայի» ծառայություններից էր օգտվում, փոստային ծառայություններ իրականացնող  մի շարք այլ ընկերությունների աշխատանքի վրա «Արմավիայի» խնդիրները չեն ազդել: «Մենք անձամբ խնդիր չենք ունեցել, քանի որ աշխատում ենք այլ ավիաընկերությունների հետ»,- 168.am-ին փոխանցեցին  FedEx սուրհանդակային ծառայություն իրականացնող ընկերությունից:  TNT  ընկերությունից ևս հավաստիացրին, որ  «Արմավիայի» թռիչքների դադարեցումը չի ազդել իրենց աշխատանքի վրա, քանի որ իրենք համագործակցում են «Ավստրիական ավիաուղիների» հետ: «Կարգո ջեթ լայն» և «Գարանտ փոստ»  ընկերությունները նույնպես նշեցին, որ իրենց իրականացրած  փոստային ծառայությունն աշխատել է անխափան նաև վերջին օրերին, քանի որ չեն օգտվել «Արմավիայի» ծառայություններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս