ՀՀԿ-ն պատկերացնո՞ւմ է իրեն երկրորդ տեղում

Մենք մեր թիմով բավական լուրջ ենք պատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Եթե շատերի համար այս ընտրությունները ինքնահաստատվելու տեղ են, մենք այս ընտրությունները պետք է պատվով տանենք՝ իրականացնելով այն ծրագրերը, որոնք երկարաժամկետ են»,- նշեց նա:

Քարոզարշավի մեկնարկի մասին Հովհաննես Սահակյանը նախընտրեց չխոսել՝ թողնելով մանրամասները որպես «քարոզարշավային գաղտնիք»:

Հարցին, թե Հանրապետականը իրեն երկրորդ կամ երրորդ տեղում պատկերացնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց, թե ավագանու ընտրությունները լինելու են բավական թափանցիկ ու նախորդ համապետական երկու ընտրությունների շարունակություն: Իսկ առաջին կամ երկրորդ տեղը, նրա խոսքով, պետք է որոշի ժողովուրդը: «Բայց մի բան ակնհայտ է, որ ՀՀԿ-ն իր կատարած գործերով, ի դեմս Տարոն Մարգարյանի, գնում է ընտրությունների՝ հաղթելու բարձր շանսերով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն ընտրակեղծիքներ են կատարվում, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Եթե կուսակցությունները նախագահական ընտրություններին մասնակցեին, կտեսնեին, որ այն տեխնոլոգիաները, որոնց դեմ իրենք պայքարում են, անցյալում են, չեն աշխատում, գոյություն չունեն: Կարծում եմ՝ նրանք ստեղծել են պատրանք, խնդիր, ու հերոսաբար հաղթահարում են դրանք»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այս պահին մարզային այցելությունների մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին` Հովհաննես Սահակյանը նկատեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը իր գործելաոճի «հռետորիկան և՛ փոխել է, և՛ չի փոխել՝ համաձայն իր բնույթին»: ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «փոքր-ինչ դժվար է կողմնորոշվում և իր խոսքերի, գործողությունների մեջ որոշակի կողմնորոշվելու խնդիր ունի»: «Սա երևաց ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը թողնել, չթողնելուց, դուրս գալ, չգալուց, երևաց, երբ մի առավոտ զարթնեց ու մանդատը վայր դրեց, այն դեպքում, երբ իր թիմը տեղյակ չէր նրա որոշման մասին ու մեր շուրթերից իմացան, որ մանդատը վայր է դրել: Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանը կանխատեսումների առումով, մի փոքր անկանխատեսելի է»,- նշեց նա:

Հովհաննես Սահակյանն վստահ է, որ հետագան միայն երկխոսության ճանապարհով է լինելու, ինչից օգտվելու են բոլորը:

Տեսանյութեր

Լրահոս