Բաժիններ՝

Սերժն ընդդեմ Միկայի՞. մամուլ

«Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը, ով ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի ամենավստահելի գործարարներից մեկը, խնդիրներ ունի հայաստանյան իր բոլոր բիզնեսներում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունաում.

«Դեռ անցյալ շաբաթ, հղում անելով մեր լավատեղյակ աղբյուրներին, գրել էինք, որ ապրիլի 1-ից Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարելու իր բոլոր չվերթները և հայտարարելու է սնանկացման գործընթացի մասին։ Կարճ ժամանակ անց «Արմավիան» արդեն պաշտոնապես հայտարարեց այս մասին։

Խնդիրներ կան Բաղդասարովին պատկանող «Միկա– ցեմենտ» գործարանում։ Սույն գործարանի սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, դեռ 2 տարի առաջ վարձակալությամբ հանձնել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդուն։ Ամիսներ առաջ այստեղ բավական լարված վիճակ էր. տասնյակ աշխատողներ ազատվեցին աշխատանքից, մի քանի հարյուր հոգու աշխատավարձերը ամիսներ շարունակ չէին վճարվել։

Բաղդասարովը, ով տևական ժամանակ է, փորձում էր վաճառել «Արմավիան», մտադիր է վաճառել նաև «Միկա– ցեմենտը», որը, ըստ ՏՄՊՊՀ-ի, գրավում է հայկական ցեմենտի շուկայի կեսը։ Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև, որ Բաղդասարովը մտադիր է վաճառել իր բենզալցակայանները ևս։ Տարիներ առաջ նա լուրջ ներկայացվածություն ուներ նաև բենզինի և ցորենի շուկայում։ ՏՄՊՊՀ տվյալների համաձայն, սակայն, Բաղդասարովը դադարել է սույն շուկաների առանցքային խաղացող լինել։ Մինչ այդ էլ նա, հիշեցնենք, ռուսական 875 բանկին էր վաճառել «Հայխնայբանկը»։ Այս պահին, ըստ նույն ՏՄՊՊՀ տվյալների, Բաղդասարովը գերիշխող դիրք ունի միայն ավիավաոելիքի ներկրման ոլորտում։

Եվ ուրեմն, ինչը կարող է լինել Բաղդասարովի շուրջ նման իրադարձությունների զարգացման պատճառը և ինչու նրան ոչ մի կերպ չի հաջողվում վաճառել իր խոշոր սեփականությունները։ Ինչպես ստացվեց, որ միլիոնավոր դոլարների պարտքեր կուտակվեցին նրան պատկանող մի քանի ընկերություններում, որոնք ակնհայտորեն, գերշահույթ ապահովող բիզնեսներ էին, որոնք նա ձեռք էր բերել խիստ արտոնյալ պայմաններով։ Արդյո՞ք Բաղդասարովը ապաշնորհ բիզնեսմեն դուրս եկավ, թե՞ նա այլևս չի վայելում իշխանության հովանավորությունը։ Վարկած կա նաև, որ ՀՀ-ում պարզապես սեփականության վերաբաշխում է տեղի ունենում և Բաղդասարովի ընկերություններում ստեղծված խնդիրները արհեստածին են։

Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Արմավիան» մտադիր է գնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Դա Բաղդասարովը սկզբում, ըստ էության, չէր հերքել, իսկ հետո շատ կոշտ էր հերքել։ Տեղեկություններ եղան նաև, որ Բաղդասարովը բանակցություններ է վարում Գագիկ Ծաոուկյանի հետ «Արմավիայի» վաճառքի համար։ Այս գործարքն էլ չստացվեց։ Թերևս ակնհայտ է, որ տվյալ պարագայում իրականում Բաղդասարովը չի որոշելու ով պետք է դառնա «Արմավիայի» ապագա սեփականատերը։

Ի դեպ, Բաղդասարովի անհաջողությունների ֆոնին բավական ուշագրավ է նրա վերջին հարցազրույցներից մեկը։ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ նա «Հայելիի» հետ զրույցում, չնայած դրդոդ հարցերին, այդպես էլ չէր պաշտպանել ՀՀԿ-ին։ «Ես քաղաքականություն չեմ խաղում»,– ասել էր Բաղդասարովը ու հայտնել, որ ֆինանսական աջակցություն ցույց չի տալու ընտրություններում։ Ինքը՝ Բաղդասարովը, դեռ որևէ ձևով չի արձագանքել իր սեփականությունների շուրջ ընթացող աղմկոտ գործընթացներին։ Նա ՀՀ-ում չէր։ Վերադարձել էր միայն երեկ։ Հույս ունենք, առաջիկայում կպատասխանի մեր հարցերին։ Մինչ այդ մի քանի հարց ուղղեցինք նախկին «Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանին։

Պարոն Պետրոսյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ սնանկացավ «Արմավիան»։

– Դա երկար պատմություն է։ Նույն «Հայկական ավիաուղիների» սնանկացման պրոցեսն է։ Կոպիտ ասած, տնվորի կարգավիճակով մեկին տալիս են, ինքը ապականում է ու թողնում, գնում։ Այդպես է վերաբերմունքը եղել։

Իսկ հնարավո՞ր էր այնպես անել որ չսնանկանար, որովհետև որոշակի տպավորություն կա նաև, որ այս պրոցեսը հատուկ են կազմակերպում։

–  Ես չեմ կարող ասել՝ հատուկ են անում, թե ոչ, ամեն դեպքում, այնտեղ հանձնաժողով պետք է ստեղծվի պարզելու սնանկացման պատճառները։ Դրանք շատ են։ Որն է հիմնականը, չեմ կարող ասել, հանձնաժողովը պիտի պարզի, կարող է քրեական հանցագործություն է տեղի ունեցել։ Արհեստական է սնանկացումը, թե ոչ, համենայնդեպս, այնտեղ մենեջմենթը այնպիսին էր, որ սնանկանալու էր։ Ցանկալի է, որ միջազգային աուդիտ արվի։ Հիմա օդաչուներին պարտք է, աշխատողներին պարտք է, տոմսերը վաճառվել են, պարտքերը հայտնի չէ հետ կտա, թե ոչ, այլ պետություններին պարտքեր ունի և այլն։ Եթե ինքը ի վիճակի չէ վճարել, պետությունն է վճարելու, իսկ կառավարությունը մի հատ ծպտուն չի հանում, ոչ մի արձագանք չկա, ինձ դա է սարսափեցնում, որովհետև սա շղթայական ռեակցիայով բնականաբար, կգնա մյուս ոլորտներին էլ»։

Դրա համար եմ ասում, միգուցե արհեստական արվեց, որ էժան գնով վերցնեն։

– Բայց Բաղդասարովի տերը ո՞վ է իրականում։

Կարող է սեփականաթյան վերաբաշխում է գնում։

– Բայց պետության վրա են գնում այդ պարտքերը։

Այդ դեպքում, ինչո՞վ կարելի է բացատրել որ պետությունը ձայն չի հանում։

–  Իրենք ուղղակի մանթռաժ են, չգիտեն ինչ ասեն, կառավարությունը չի խառնվում, որովհետև գիտի ով է տերը, սպասում է ինաուգուրացիային, որ հետո հանձնարարականներ կատարի։

ԱԺ ընտրություններից առաջ Բաղդասարովը ուշագրավ հարցազրույց էր տվել, միգուցե որոշակի հակասություններ կան։

– Բաղդասարովը Սերժ Սարգսյանի ամենամոտիկ ընկերն է։

Մենք էլ այդպես գիտեինք։

– Ուրեմն, ավելի վատ, իրենք իրենց անձնական հարաբերությունների պատճառով պետության հերն են անիծում։

Լուսինե Բարսեղյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930