Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթի՞ռ է տեղակայել իր արևելյան ծովափին

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները կասկածում են, որ Հյուսիսային Կորեան կարող է իր արևելյան ծովափ տեղափոխած լինել միջին հեռահարության «Մուսուդան» բալիստիկ հրթիռներ:

Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնաբերել են ցուցիչներ, որոնք վկայում են, որ Հյուսիսային Կորեան իր արևելյան ծովափ է տեղափոխել մի օբյեկտ, որը կարող է հանդիսանալ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ:

Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի կառավարությունում եղած աղբյուրը: Հարավային Կորեայի մասնագետները կարծում են, որ այդ օբյեկտն իր ձևով նման է «Մուսուդան» բալիստիկ հրթիռին, որին առաջին անգամ Հյուսիսային Կորեան ցուցադրել է 2010 թվականի հոկտեմբերին անցկացրած զորահանդեսի ժամանակ:

Համարվում է, որ այդ հրթիռի հեռահարությունը կազմում է 3000-4000 կիլոմետր: Ենթադրվում է, որ այդ հրթիռն արևելյան ծովափ է հասցվել գնացքով, սակայն այդ մասին հաստատված տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին շարունակում է լարված մնալ իրավիճակը Կորեական թերակղզում: Ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ մասշտաբային զորավարժությունների սկսման՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց ուղիղ 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ տրվեց 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:

Հյուսիսային Կորեան հայտարարել է զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման մասին՝ Գուամ և Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև մայրցամաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար:

Դրանից հետո ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրեցին ռազմական նոր արձանագրություն, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջամտել լոկալ (տեղական) միջադեպերին, մինչդեռ 1953 թվականից գործող ռազմական համաձայնագրով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի միայն խոշորամասշտաբ հակամարտության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս