
Ֆրանցիսկոս Առաջին պապը ժամանակին ցանկություն է հայտնել թաղվել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի տակ

Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90 ամյակին՝ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին գրել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Մեր բարեկամ պապը» հոդվածում:
«Հռոմեական Կաթողիկե եկեղեցու նորընտիր Սրբազան պապը մեր բարեկամն է՝ անձնապես իմ, Բուենոս Այրեսի հայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովուրդի: Իմ ծանոթությունը նորընտիր պապի հետ, սկսվել է 2005 թվականից, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 90 ամյակը և այդ առիթով Բուենոս Այրեսի Մայր տաճարի մեջ զետեղեցինք Հայաստանից բերված մի խաչքար՝ մեր նահատակների հիշատակին:
Խաչքարի բացման ու օծման արարողությանը մասնակցեց նաև այդ օրերին Արգենտինայի արքեպիկոպոս և Բուենոս Այրեսի առաջնորդ կարդինալը՝ գերապատիվ Տեր Խորխե Մարիո Բերգոլիոն, որը, ի միջի այլոց, Հայաստանյայց առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի նահատակության մասին խոսելուց բացի, կոչ արեց Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը և խաղաղ լուծում փնտրել Հայկական հարցին:
Նա շեշտեց նաև Հայ եկեղեցու Առաքելականությունը, Թադեոս և Բարդողիմեոս առաքյալների շնորհիվ, իսկ խաչքարի բացումից հետո ասաց նաև, որ փափագում է մի օր թաղվել այդ խաչքարի տակ: Տեղին է հիշեցնել, որ Մայր տաճարի ներսում թաղված են Բուենոս Այրեսի նախկին առաջնորդները: Ֆրանցիսկոս պապը միշտ էլ մասնակցել է ու ելույթ է ունեցել ապրիլյան նահատակներին նվիրված Մայր տաճարի մեր հոգեհանգստյան արարողություններին և այժմ վստահ եմ՝ որպես Հռոմի ու Կաթողիկե աշխարհի վեհապետ պապպ պետք է շարունակի մտածել ու գործել չքավորների և տառապյալների համար և պաշտպան կմնա անարդարության զոհ դարձած բոլոր ազգերին, որոնց թվում նաև՝ հայ ժողովուրդին և հայոց դատին:
Հաջողություն և երկար կյանք ենք մաղթում մեր բարեկամ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին և մանավանդ Հռոմի այժմյան Ֆրանցիսկոս պապին»,- գրել է Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: