Արաբ մեծահարուստներին առաջարկվել է ավտոմեքենաների նորագույն թյունինգ (լուսանկարներ)
Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ ավտոմքենաների թյունինգով զբաղվող Դուբայի Cars Coin ընկերությունն ավտոսիրողներին առաջարկել է եզակի ծառայություն՝ նախատեսված թանկարժեք ավտոմեքենաների համար, որոնք դրանով իսկ կստանան առավել շքեղ տեսք:
Բավական է տրանսպորտային միջոցը ծածկել տասնյակ հազարավոր մետաղադրամներով, և ավտոմեքենաները կփայլեն այնպես, ինչպես կլիներ ադամանդներով ծածկված լինելու պարագայում:
Դուբայում և Աբու Դաբիում արդեն իսկ դժվար է որևէ մեկի զարմացնել Ferrari կամ Porsche մակնիշի ավտոմեքենաների վերջին մոդելներով, քանի որ փողոցներում երթևեկում են նմանատիպ հարյուրավոր ավտոմեքենաներ:
Անցած փուլ է համարվում ավտոմեքենաները ոսկյա փայլաթիթեղով ծածկելը: Ընդ որում, մեծահարուստների մի մասի ավտոմեքենաների վրա առկա է նմանատիպ ծածկի մի քանի շերտ:
Այժմ Cars Coins-ը հնարել է նոր եղանակ, որպեսզի այդ մարդիկ մի փոքր թեթևացնեն իրենց գրպանի պարունակությունը և իրենց ավտոմեքենաները ծածկեն հազարավոր տարբեր մետաղադրամներով: Տվյալ ընկերության նմանատիպ վերջին գործը հանդիսացել է ԱՄԷ-ի 57.412 հին դիրհամներով զարդարված Range Rover 2013 ավտոմեքենան:
Cars Coins-ի վարպետները դրա վրա ծախսել են մի քանի շաբաթ, որպեսզի մաքրեն յուրաքանչյուր մետաղադրամը՝ ընդհուպ մինչև փայլելու աստիճան և դրանք ձեռքով կպցնեն մեքենայի կորպուսին: Դրանով իսկ Range Rover 2013-ի քաշն ավելացել է 170 կիլոգրամով:
Ավտոմեքենաներին շքեղ տեսք հաղորդելու նպատակով հին, գործածությունից դուրս եկած մետաղադրամներն ընտրելը պայմանավորված է նրանով, որ, հազիվ թե, որևէ մեկը որոշի դրանք պոկել ավտոմեքենայի վրայից, ինչը չի կարելի ասել նոր մետաղադրամների պարագայում: