
ԱԷՄԳ-ի ղեկավարը չի բացառել Իրանի կողմից միջուկային նոր օբյեկտների գաղտնի կառուցելը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն մտահոգություն է հայտնել, որ Իրանը գաղտնի իրականացնում է սեփական միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ:
Ամանոն ընդգծել է, որ չի տիրապետում բացարձակապես ստույգ տեղեկատվության, սակայն տարբեր աղբյուրներից ԱԷՄԳ-ի ստացած տվյալները չափազանց մտահոգում են իրենց: Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ի տեղեկություններով, մշակումներն իրականացվել են ոչ միայն անցյալում, այլև՝ ներկայում:
Ամանոն ընդգծել է, որ պատրաստ է շարունակել Իրանի իշխանությունների հետ երկխոսությունը՝ հասկացնել տալով, որ լավատեսորեն տրամադրված չէ այդ բանակցությունների հեռանկարների հանդեպ: Ամանոն չի բացառել, որ Իրանը միջազգային հանրությունից գաղտնի կառուցում է միջուկային նոր օբյեկտներ:
ԱԷՄԳ-ի տվյալներով՝ 2013 թվականի փետրվարի դրությամբ Իրանն ուներ մինչև 20 տոկոս հարստացված 167 կիլոգրամ ուրան: Մեկ միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ է 220-250 կիոգրամ նմանատիպ ուրան:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների առաջիկա փուլն Ալմա Աթայում անցկացվելու է ապրիլի 5-6-ին: Իրանն ու «Վեցյակը» Ալմա Աթայում բանակցել են նաև այս տարվա փետրվարի 26-27-ին: