
Հիվանդանոցում մահացած երեխայի գործը հետաքննության փուլում է

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործը դեռ ոստիկանությունում է: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխայի հայրը`Գեորգի Միսակյանը, shamshyan.com-ի հետ զրույցում պատմել էր, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո երեխային կաթիլային էին միացրել, և դրանից 2-3 ժամ անց երեխան արդեն լավ էր զգում իրեն: Հունվարի 2-ին, սակայն, երեխայի վիճակը վատացել էր, և նույն օրը գիշերը երեխան մահացել էր: Երեխայի հայրը համոզված է, որ եթե առաջին իսկ օրվանից երեխան լիներ բժիշկների հսկողության տակ, և ժամանակին քայլեր ձեռնարկվեին, ամեն ինչ ինքնահոսի չթողնվեր, երեխան ողջ կլիներ:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրին նաև, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ: