
«Ժառանգության» պատասխանը՝ «Ազատ դեմոկրատներին». մամուլ

««Ժողովուրդը» տեղեկացավ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս խորհրդարանական միջազգային բոլոր պատվիրակություններում ու բարեկամական խմբերում փոխել է իր անդամներին՝ Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչիկ Քոքոբելյանի փոխարեն ներկայացնելով Ռուբիկ Հակոբյանին, Զարուհի Փոստանջյանին ու Թևան Պողոսյանին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Այս որոշման պատճառն այն է, որ դեռ նախորդ տարի ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պառակտվեց, և խմբակցությունում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Արզումանյանն ու Քոքոբելյանը հայտարարեցին, որ իրենք այդուհետ ներկայացնում են իրենց ԱԴ կուսակցությունը:
«Ժառանգությունն» էլ, փաստորեն, ի պատասխան նրանց քայլի, միջազգային պատվիրակություններում փոփոխություններ է արել: Միայն Ալ. Արզումանյանն է շարունակում մնալ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, քանի որ այն ընտրովի պաշտոն է, և հետկանչի մեխանիզմ չկա»: