Ինչպիսի՞ խնդիրներ ունեն ընտրացուցակները

Այսօր ասուլիս էին հրավիրել «ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրողների ցուցակների բարելավում» ծրագրի ղեկավար, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (APR Group) նախագահ Ռուբեն Սարգսյանը, ծրագրի սոցիոլոգ Լիանա Բալյանը և ծրագրի ընտրական հարցերով փորձագետ Ալեքսեյ Պետրոսյանը։ Նրանք ներկայացրել են ծրագրի արդյունեերը, որոնք համառոտ ներկայացնում ենք:

 

Ընտրացուցակների բարելավում. ՀՀ Նախագահական ընտրություններ-2013

ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2012թ-ի դեկտեմբերից սկսել է իրականացվել «ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրողների ցուցակների բարելավում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է սոցիոլոգիական ընտրանքային հետազոտություն 2013թ-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Հետազոտության նպատակն է եղել հարցումների միջոցով պարզել բնակիչների իրազեկության մակարդակը ընտրողների ցուցակների վերաբերյալ, հայտնաբերել անճշտություններն ընտրողների ցուցակներում, ինչպես նաև հարցվողներին տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն այդ անճշտությունները վերացնելու մեխանիզմների և ընթացակարգերի վերաբերյալ: Այդպիսով՝ ծրագիրն ուղղված է ընտրական ցուցակները բարելավելուն և ընտրացուցակների վերաբերյալ ՀՀ քաղաքացիների իրազեկության բարձրացնելուն:

Ընտրական ցուցակների ճշգրտումն իրականացվել է քանակական սոցիոլոգիական հետազոտության եղանակով: Կիրառվել է կիսա-ստանդարտացված հարցազրույցների մեթոդը՝ հատուկ “List to Householders” («Ցուցակից դեպի տնային տնտեսության անդամներ») մեթոդաբանության կիրառմամբ:

Հարցազրույցներ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր հաշվով՝ 1300 հարցվողների շրջանում: Հետազոտության արդյունքում հավաքագրված տվյալները հիմնված են հարցվողների տրամադրած տեղեկատվության վրա: Հնարավորության սահմաններում հարցազրուցավարները փորձել են ստացված տեղեկատվությունը հաստատել փաստաթղթերով: 1300 հարցվողի միջոցով ստուգվել է տեղեկատվություն 6392 անձի վերաբերյալ:

Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողների կողմից ներկայացված տվյալների և ընտրողների ցուցակների միջև անհամընկնությունների դեպքերը կազմել են ընդհանուր ուսումնասիրված տվյալների 6.8%-ը, որտեղ 1.5%-ի դեպքում ընտրողը առկա է եղել, սակայն ընտրողների ցուցակում տվյալ հասցեով իր տվյալները նշված չեն եղել, իսկ 5.3%-ի դեպքում ընտրողների ցուցակի տվյալ հասցեում եղել են տվյալներ, որոնք, սակայն, չեն համապատասխանել իրականությանը:

Անճշտությունների մի մասը հանդիսանում է համայնքներում հասցեների հետ կապված խնդիրների հետևանք: Հասցեների հետ կապված բացահայտված խնդիրները հետևյալն են՝

  1. շենքի/շինության և քաղաքացիների անձնագրի մեջ նշված հասցեների անհամապատասխանություն /հասցեների փոփոխության արդյունքում/:
  2. Համայնքներում հասցեների փոփոխության արդյունքում քաղաքացիների գրանցում այլ հասցեներում: Օրինակ՝ հարցազրուցավարը այցելել է կոնկրետ հասցե, սակայն այդ հասցեում ապրող մարդիկ նույնիսկ չեն էլ ճանաչել ցուցակում նշված մարդկանց, այսինքն հարևանությամբ/մոտակայքում գտվող մեկ այլ անձ վրիպակի արդյունքում հաշվառվել է մեկ այլ հասցեում:
  3. Եղել են դեպքեր, երբ մարդիկ վաճառել են բնակարանը, այսինքն տվյալ հասցեի նախկին սեփականատերերն են, գրանցումից դուրս են եկել, սակայն նրանց անունները դեռ գրված են տվյալ հասցեների դիմաց:
  4. Կան սեփական տներ, որոնք հիմա արդեն ունեն հստակ հասցեներ, օրինակ 40Ա, 40Բ, 40Գ և այլն, սակայն մարդկանց անձնագրերում նշված է միայն 40 և այդ հասցեի դիմաց գրված է 40 մարդու անուն/ազգանուն:
  5. Գյուղերում կան շատ դեպքեր, որ անձնագրում նշված չէ հասցեն:
  6. Որոշ դեպքերում միևնույն շենքում ապրող քաղաքացիների գրանցման հասցեում նշված էր փողոց, իսկ մի մասի մոտ անցուղի, որը գոյություն չունի:

Այն դեպքերում, երբ ընտրողն առկա չի եղել, սակայն ցուցակում նշված է եղել (այդպիսի դեպքերի թիվը 339 է), պարզվել են անհամապատասխանության պատճառները: Դրանք ներկայացված են ստորև բերված աղյուսակում:

Rubo-axyusak

 

Հետազոտության ընթացքում ստուգվել է ճշտությունը ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, գրանցման հասցեի և ծննդյան տվյալների մասով: Պարզվել է, որ ամենաշատ խնդիրները կապված են գրանցման հասցեների հետ: Այսպես՝ հասցեի վերաբերյալ տվյալները բացակայում են 1.9% դեպքերում, իսկ հասցեների անհամապատասխանությունները՝ 1.2% դեպքերում: Ամենաքիչ խնդիրները եղել են քաղաքացիների անունների (98.3%), ապա՝ ազգանունների (98.1%) հետ կապված:

Հետազոտության ընթացքում պարզվել է, թե որքանով են հարցվողները հետաքրքրված ընտրացուցակներում առկա տվյալները ճշտելու հարցում: Այն հարցին, թե վերջին ամսվա ընթացքում փորձել են արդյոք ճշտել իրենց կամ իրենց տնային տնտեսության անդամի տվյալները ընտրական ցուցակներում, հարցվողների 90.2%-ը տվել է բացասական պատասխան: Այդպիսով, հարցվողների միայն 9.8%-ն է փորձել ընտրական ցուցակներում ստուգել իր կամ իր տնային տնտեսության անդամի տվյալները: Այն անձիք, ովքեր նշել են, որ փորձել են ճշտել իրենց տվյալների ճշտությունը վերջին մեկ ամսվա ընթացքում, պատասխանել են նաև այն հարցին, թե արդյոք հայտնաբերել են որևէ անճշտություն: Անճշտություն հայտնաբերել է նրանց 7.9%-ը:

Հետազոտության ընթացքում փորձ է արվել պարզել, թե ընտրական ցուցակներում անճշտություն հայտնաբերելու դեպքում ինչ քայլեր են ձեռնարկել ՀՀ քաղաքացիները: Պարզվել է, որ ցուցակներում անճշտություն հայտնաբերողների (N=10) 50.0%-ը ոչինչ չի արել անճշտությունները շտկելու նպատակով՝ պատճառաբանելով, որ դա իրենց չի հետաքրքրում: 30%-ը դիմել է Ոստիկանություն, 10%-ը՝ Տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ 10%-ը դեռ չի դիմել, սակայն պատրաստվում է դիմել Ոստիկանություն: Այն անձինք, ովքեր անճշտությունը վերացնելու նպատակով քայլեր են ձեռնարկել, պատասխանել են այն հարցին, թե ինչպիսի ընթացք է տրվել դիմումին: Նրանց 40%-ը նշել է, որ խնդիրն ամբողջությամբ կամ մասնակի լուծվել է, 10%-ը նշել է, որ դեռ ընթացքի մեջ է, իսկ 40%-ը նշել է, որ ոչինչ չի արվել:

 

 

Հիմնական եզրահանգումներ

 

–         Ընտրողների իրազեկության ցածր մակարդակ: Ընտրողների մեծամասնությունը պատշաճ կերպով չի տիրապետում ընտրողների ցուցակների ձևավորման և թարմացման հիմնական ընթացակարգերին: Մի կողմ դնելով ընտրողների ցուցակների ձևավորման մանրամասն ընթացակարգերը (ընտրողները դրա իմացության անհրաժեշտությունը չունեն)՝ ընտրողները շատ դեպքերում նվազագույն պատկերացում չունեն ընտրողների ցուցակների ձևավորման հարցում իրենց դերակատարության մասին, ինչի հետևանքով կարող են խախտվել նրանց ընտրական իրավունքները;

–         Ընտրողների ցածր մոտիվացիա: Ընտրողները շահագրգռված չեն ակտիվ ներգրավվելու ընտրողների ցուցակների ճշգրտման ընթացքում, որը հավանաբար պայմանավորված է ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ցածր մակարդակի հետ:

–         Բացակա ընտրողների անունների առկայությունը ընտրողների ցուցակում: ՀՀ արտագաղթած քաղաքացիները, ովքեր այլևս Հայաստանում չեն բնակվում, շարունակում են մնալ ընտրողների ցուցակում:

–         Արտերկրում քվեարկելու անհնարինություն: Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն չունեն մասնակցելու քվեարկությանը (բացառությամբ Ընտրական օրենսգրքով նշված դեպքերի) արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական/հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով:

–         Վերահասցեավորման հետ կապված խնդիրներ: Համայնքում վերահասցեավորման հետևանքով առաջացել են անճշտություններ, որոնց հետևանքով շատ քաղաքացիներ իրավաբանորեն բնակվում են նոր հասցեում, սակայն իրենց անձնագրերում նշված է մնում բնակության հին հասցեն (նման խնդիրն ավելի արդիական է դառնում, եթե վերահասցեավորման արդյունքում փոխվում է շենքի համարը, սակայն փողոցի անունը մնում է նույնը): Տվյալ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական կադաստրի գործակալության տարածքային բաժնում կատարել փաստաթղթային ձևակերպումներ նոր սեփականության վկայական ստանալու նպատակով, ինչպես նաև տեղեկանք ստանալ համայնքապետարանից և նորից տվյալ տան բնակիչներին գրանցել այդ նոր հասցեում: Քանի որ այդ գործընթացը կապված է զգալի ֆինանսական ծախսերի հետ, դա խոչընդոտում է պատշաճ ձևակերպումների գործընթացին: Արդյունքում տվյալ հասցեում գրանցված ընտրողներն իրենց անձնագրերում ունենում են հաշվառման այլ հասցե:

Առաջարկություններ

 

–         Շարունակական աշխատանք տանել ընտրողների հետ վերջիններիս գիտելիքները և մասնակցությունը ընտրողների ցուցակների ճշգրտման հարցում մեծացնելու նպատակով:

–         Համակարգել աշխատանքները ընտրողների ցուցակի ճշգրտման հարցում: Հարկ է ավելի սերտացնել համագործակցությունը ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության և ընտրողների ցուցակների ճշգրտման հարցում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև կուսակցությունների/թեկնածուների թիմերի հետ: Ոստիկանության կողմից պետք է խթանել կազմակերպությունների և կուսակցությունների ներգրավվածությունը ընտրողների ցուցակների ստուգման հարցում:

–         Կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ՀՀ-ից բացակայող ընտրողների անունները ընտրողների ցուցակներից հանելու նպատակով (օրինակ՝ 1. ընտրողների ցուցակում հատուկ նշել բացակա ընտրողներին; 2. ժամանակ առ ժամանակ ընտրողներից պահանջել ներկայանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն. այն դեպքերում, երբ ընտրողներն առնվազն 2 անգամ չեն մասնակցել համապետական ընտրություններին, այդ ընտրողին ընտրողների ցուցակից հանել; 3. Հայաստանից 1 տարուց ավել բացակայելու դեպքում հանել ընտրողին ցուցակից և վերջինիս անունը ցուցակում ավելացնել վերջինիս դիմումի հիման վրա և այլն);

–         Արտերկրում Հայաստանի դիվանագիտական/հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով համակարգել արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաշվառումը` տվյալ համայնքներում ՀՀ ընտրողների թիվը պարզելու և արտերկրում մահացած ՀՀ ընտրողների անունները հանելու նպատակով;

–         Վերականգնել արտերկրում ՀՀ քաղաքացիների քվեարկելու հնարավորությունները և Ընտրական օրենսգրքում ավելացնել իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան արտերկրում ապրող ընտրողներին քվեարկելու իրենց բնակության երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական/հյուպատոսական ներկայացուցչություններում:

–         Վերանայել պետական տուրքերի մասով իրավական ակտերը և սեփականության վկայականների և գրանցման հետ վճարները հնարավորինս կրճատել/վերացնել:

Ծրագրի հաշվետվության ամբողջական տարբերակը կարող եք բեռնել կազմակերպության կայքից՝ www.aprgroup.org

Տեսանյութեր

Լրահոս