
«Դա արդեն ահազանգ է». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Պռոշյանի գյուղապետի սպանության մասին

Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Թալինում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Պռոշյանի գյուղապետի մահվանը։ Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, Ր.Հովհաննիսյանն ասել է. «Մեր սիրելի բարեկամ Պռոշյանի գյուղապետի ահաբեկչությունը և սպանությունը այս առավոտ՝ ժողովրդի պայքարին խոչընդոտելու, բռնության նախադեպ իջեցնելու ազդակ չէր: Դատապարտում ենք ցանկացած բռնություն, ժողովուրդը չի գնալու բռնության որեւէ մեկի նկատմամբ: Բայց այսօր եթե ազատամարտիկը օրը ցերեկով սպանվում է՝ դա արդեն ահազանգ է: Մենք պահանջում ենք, որ գործող նախագահը մինչև ապրիլի 9-ն ամբողջովին բացահայտի այդ ստոր, հակաազգային ոճրագործությունը: Դա հարված է իմ, մեր և ամբողջ ժողովրդի վրա: Պատասխան տվեք: Ուրիշ մեկը մեր փոխարեն այս գործընթացի տանող ուժը տանող չէ: Մենք միասին պիտի տանենք, ժողովուրդը պիտի տանի»: Նա ցավակցեց գյուղապետի ընտանիքին. «Այլևս ոչ մի բռնություն: Այդ զզվելի ստոր արարածները, որ ստվերային դրդում են այսպիսի բաները՝ պատասխան պիտի տան հայ ժողովրդի առաջ: Տեսնում ենք մեր ճամփի վրա սադրանքներ, մարզպետների կողմից ուղարկված ուսուցիչներ, կրիմինալ: Երկունքը ցավ է ենթադրում, թող ցավը քիչ լինի: Միասին իրար պահենք»:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին՝ հրազենային վնասվածքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր այսօր առավոտյան: