
Ջոն Քենեդիի դուստրը կարող է նշանակվել Ճապոնիայում ԱՄՆ դեսպան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր թեկնածուների թվում դիտարկում է նաև 55-ամյա Քերոլայն Քենեդիի թեկնածությունը, ով հանդիսանում է ԱՄՆ 35-րդ (1961-1963) նախագահ Ջոն Քենեդիի դուստրը:
Այս մասին հայտնել են գործակալության աղբյուրները: ԱՄՆ նախագահի դրական որոշման դեպքում գրող և իրավաբան Քերոլայնը կդառնա Տոկիոյում ԱՄՆ առաջին կին դեսպանը պատմության ընթացքում: Նա հանդիսանում է Օբամայի վաղեմի համակիրը՝ նրան աջակցելով դեռևս 2008 թվականի նախընտրական կամպանիայի ժամանակ:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հրաժարվել է մեկնաբանել Քերոլայն Քենեդիին դեսպան նշանակելու հավանականությունը: Ներկա դրությամբ Ճապոնիայում ԱՄՆ դեսպանը Ջոն Ռուսն է: