Բաժիններ՝

« «32 ատամ ա՞, ի՞նչ ա, մեկ-մեկ նայում եմ, դահլիճը՝ հա-հա-հա, ծիծաղում ա, ասում եմ՝ կա՛մ ես եմ հիմար, կա՛մ ազգս ա խելագար». Նիկոլայ Ծատուրյան

Այսօր ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանում Ապրիլի 1-ը հաճախ ընկալվում է` որպես խաբելու օր, ասաց. «Խաբելու օր չէ, քանի որ մեզ մոտ 364 օրն է խաբելու օր, թող  օրն էլ լինի կատակի օր»: Ն. Ծատուրյանի խոսքով` նեղվում է, երբ մարդիկ հումոր չեն ունենում: «Առանց այն էլ մեզ մոտ դժվար պայմաններ են ապրելու համար, հումորն է օգնում դիմակայել դժվար պայմաններին: Ինձ շատ են հարցնում՝ թատրոնը կմնա՞, ասեմ՝ քանի դեռ խորհրդարանը կա, թատրոնը չի մեռնի»,- նկատեց  ռեժիսորը, այնուհետև մեջբերեց նախագահական ընտրություններից առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր կատարած գրառումը, որը, ըստ նրա, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Նա թվարկեց այն 4 պատճառները, որոնց համաձայն` ինքը կարող էր իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում. «Առաջին՝ մասոնների հետ եմ խոսել, պայմանավորվել եմ, որ նրանցից մեկը պետք է կրակի ինձ վրա: Երկրորդ՝ աշխատում ենք նոր էպոսի վրա, մեր էպոսը հնացել է: Երրորդ՝ պայմանավորվել եմ մի ավիափոխադրողի հետ, որ մի ուղևոր վատանա, ու փրկեմ նրա կյանքը: Չորրորդ՝ կհայտարարեմ հացադուլ երեք ամսով ու, եթե մահանամ, երկիրը կզրկվի ևս մեկ ախմախից».- պատմեց Ն. Ծատուրյանը:

Վերջինս մերօրյա հայկական հումորը համարեց «ափաշքյարա»: Այս տեսակ հումորը ռեժիսորը չի հավանում: «Մեզ մոտ հումորը մի քիչ բաց է, ափաշքյարա, ցանկալի կլիներ, տակը մի քիչ բան լիներ, այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլիներ»,- ասաց նա, ում կարծիքով`  այսօր  հայկական հումորի մեջ նոր ոճ է ստեղծվել` խրխնջիզմ: «Այն հումորը, որ ունի մեր մեծն Թումանյանը, ոչ ոք չունի: Մենք ընկել ենք աբսուրդի հետևից: Չենք  կարդում, չենք ուզում իմանալ, կենցաղի մեջ շատ ենք մտել: Մեր հումորը ափաշքյարա է»: Իսկ բաց, «ափաշքյարա» հումորն ունի իր խորքային պատճառները, որոնցից գլխավորն ընթերցանության, գրագիտության պակասն է: «Տխուր է, բայց «ափաշքյարան» գալիս է անգրագիտությունից, քիչ պատրաստվածությունից, ռուսի ասած՝ «տապոռ հումոր» ա, չի կարող պատահել, որ արիստոկրատը տենց էժան հումոր անի։ Մեզ մոտ շատ-շատ բաներ դրա հետևանք է։ Ցավոք, շատ քիչ են կարդում, համարյա չեն կարդում։ Այն հումորը, որ ունի Հովհաննես Թումանյանը, Կիկոսի մահը  ինչ հումոր է, նրբաճաշակ»,- ասաց նա: Դերասանը` որպես բաց, «ափաշքյարա» հումորի օրինակ՝ նշեց «32 ատամ» ակումբի հաղորդաշարը:  «32 ատամ ա՞, ի՞նչ ա, մեկ-մեկ նայում եմ, դահլիճը՝ հա-հա-հա, ծիծաղում ա, ասում եմ՝ կա՛մ ես եմ հիմար, կա՛մ ազգս ա խելագար։ Դա հենց բաց հումորն ա»,- ասաց նա, ում փոխանցմամբ` հումորը պետք է լինի ենթատեքստով, շերտեր ունենա: «Ամուսինը սեքսի ժամանակ կնոջը հարցնում է` ինչի՞ ձեն չես հանում, պատասխանում է՝ դե լավ հա, դու էլ հո օտա՞ր չես: Ա՛յ սա հայկական հումորն է։ Բայց կա շատ նուրբ հումոր, որն ունի շերտեր, այն ավելի եմ հավանում ու հարգում»,- նկատեց ռեժիսորը:

Ն. Ծատուրյանի խոսքով` հայերս շատ ծանր ենք ապրում, քեֆ չենք կարողանում անել, և  նույնիսկ հարսանիքների «տաշի-տուշիները» չեն խոսում հայերի «քեֆ անելու» ունակության մասին:  Ապա ոեժիսորը վերհիշեց Վ. Սարոյանի հերոսներից մեկի հայտնի խոսքը` «Թեթև տար», ապա  խորհուրդ տվեց՝  «մի քիչ թեթև ապրել»: «Ինչի՞ ա մեր քիթը սենց կախ, որովհետև, մի բան ա պատահում, ասում ենք՝ ինչի՞ սենց եղավ (ռեժիսորը  ձեռքերը վերից վար իջեցրեց դեմքի վրայով.- 168.am)։ Ռուսն ասում ա՝ «նիչևո, պերեժիվյոմ (ռեժիսորը ձեռքով վեր է բարձրացնում քիթը- 168.am )».- ասաց Ն. Ծատուրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս