ԲՀԿ-ի առաջին փորձությունը

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են հայտնվում մայիսի 6-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Իհարկե, խոսքը ոչ թե ընտրություններից ավելի քան մեկ ամիս առաջ ընտրակաշառքը՝ փողը ֆիզիկապես ընտրողներին փոխանցելու, այլ դա վերցնել և ԲՀԿ-ին ընտրել պատրաստվող քաղաքացիներին ցուցակագրելու դեպքերի մասին է: Այս տեղեկություններին զուգահեռ՝ ԲՀԿ-ականներն ամեն օր ավելի բարձր ու վստահ են հայտարարում օրինական ընտրություններ անցկացնելու դեպքում ԲՀԿ-ի հաղթանակի, «քաղաքը վերցնելու մասին»:
Երևանի ավագանու ընտրությունները  որոշակիորեն թեստային են ԲՀԿ-ի համար: Այն իմաստով, որ դրանք ԲՀԿ-ի մասնակցությամբ առաջին ընտրություններն են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ թեստային են, որովհետև մայիսի 6-ին պարզ կդառնա՝ արդյո՞ք ԲՀԿ-ին կթույլատվի կիրառել նույն ընտրական «ռազմավարությունը», և արդյո՞ք դա տեղի չունենալու դեպքում ԲՀԿ-ն կկարողանա հավակնել լուրջ տոկոսներ ստանալու: Խոսքը, բնականաբար, ընտրակաշառքի մասին է, որը սկսած 2007 թվականից՝ եղել է ԲՀԿ-ի հիմնական «զենքն» ընտրություններում: Դրա շնորհիվ ԲՀԿ-ն 2007 թվականին՝ որպես նորաստեղծ կուսակցություն, առաջին անգամ մասնակցելով ընտրությանը՝ պատկառելի ներկայություն ստացավ խորհրդարանում, առավելապես ընտրակաշառքի շնորհիվ ԲՀԿ-ն կարողացավ դառնալ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ խմբակցությունն անցած տարվա ընտրություններում:
Ընտրակաշառքը՝ որպես ընտրություններում դոմինանտ գործոն, պայմանականորեն ասած, բաղկացած է երկու բաղադրիչից. բուն ֆինանսների առկայությունից և դա մասսայաբար բաժանելու՝ իշխանության թույլտվությունից՝ ինդուլգենցիայից:  Հայաստանի ցանկացած ընտրության ժամանակ մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարով կարելի է ապահովել հաղթանակի համար անհրաժեշտ ձայներ: Նման ֆինանսական միջոցների՝ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, տիրապետում են բազմաթիվ հայեր: Սակայն այնպես չէ, որ ցանկացած մեծահարուստ կարող է ազատորեն ձայն գնել և իշխանություն ստանալ Հայաստանում:  Փողի առկայությունից ավելի կարևոր է այդ փողը բաժանելու համար իշխանության թույլտվությունը, քանի որ ընտրակաշառք բաժանելը քրեորեն պատժելի արարք է: Հայաստանում անցած մի քանի ընտրություններում նման ինդուլգենցիա, բացի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ), ունեցել է միայն ԲՀԿ-ն, ինչն էլ հանդիսանում է այս քաղաքական միավորման հաջողության հիմնական գրավականը:  Հիմա ողջ հարցն այն է՝ թույլ կտա՞ արդյոք իշխանությունը ԲՀԿ-ին մայիսի 6-ի ընտրություններում ևս ընտրակաշառք բաժանել և դրա միջոցով հավակնել երկրորդ կամ, նույնիսկ, առաջին տեղին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնին: Հենց այս հարցի պատասխանից են մեծ հաշվով կախված ԲՀԿ-ի հնարավորություններն առաջիկա ընտրություններում: Ինչպես նշեցինք, արդեն իսկ արձանագրվել են ԲՀԿ-ի կողմից ընտրողներին ընտրակաշառքի ստացման համար ցուցակագրելու դեպքեր, որոնք դեռևս անարձագանք են մնացել իշխանության կողմից: Սակայն դրանից հետևություն անել, որ ԲՀԿ-ն արդեն իսկ ստացել է անարգել «փող բաժանելու» թողտվություն, դեռևս վաղ է: Բացառված չէ, որ իշխանությունը միտումնավոր է առայժմ «աչք փակում» նման միջադեպերի վրա՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ ընտրակաշառք բաժանողներին «օրենքի ողջ խստությամբ» պատժելու համար: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ դերակատարություն է իշխանությունը նախատեսել ԲՀԿ-ի համար մայիսի 6-ին: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական դաշտում, առավել ևս՝ ԲՀԿ-ի մասնակցությամբ, ամեն ինչ հնարավոր է: Բացառված չէ անգամ, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանի ոչ թե Վարդան Օսկանյանին, այլ Տարոն Մարգարյանին ընտրելու համար:
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ն ընդհանրապես ձայներ չի ստանա: Իհարկե կստանա, սակայն ամենևին ոչ այն չափով, ինչի մասին հայտարարում են ԲՀԿ-ականները: Անցած ավելի քան վեց տարիներին ԲՀԿ-ն հանրային գիտակցության մեջ ընկալվել ու ընկալվում է՝ որպես «փողի աղբյուր»: ԲՀԿ-ականները տարիներ շարունակ ոչ միայն չեն փորձել կոտրել այդ ընկալումը, այլև նպաստել են, որ դա ավելի արմատավորվի: Ու այդ պայմաններում՝ եթե հանկարծ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին՝ առանց ընտրակաշառք բաժանելու, նրա «ընտրազանգվածը» կարող է ընդվզել ու ձայնը տալ այն ուժին, որը տվյալ դեպքում ավելի վճարունակ կլինի: Իսկ այդ հարցում ՀՀԿ-ն «կա ու կա»:

Տեսանյութեր

Լրահոս