Բաժիններ՝

«Գողականները քեզ սատկացնելու են». գողության մեջ կասկածվողի հարազատները սպառնում են ֆոտոլրագրողին (լուսանկարներ)

 

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները երեկ՝ մարտի 31-ին, հայտնաբերել են Նուբարաշենի խճուղի 7 հասցեում գտնվող «Որսորդ» ՍՊԸ-ի ճաշարանից երեք հրացանների և աշխատակցի պայուսակը գողություն կատարողին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Նոր Արեշ 46 փողոցի բնակիչ Դավիթ Սիմիդյանին, ինչպես նաև նրա կողմից վարած «Վազ 2107» մակնիշի 14 ԼՍ 726 համարանիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են գողացված հրացանները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանությունից Դ. Սիմիդյանին բերում էին ավտոմեքենայի մոտ, որպեսզի ընթերակաների մասնակցությամբ և քննիչ Բակուր Օհանյանի ղեկավարությամբ ավտոմեքենան խուզարկության ենթարկեին, կասկածյալ Դ. Սիմիդյանը և նրա հարազատները սկսեցին սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին, իսկ կանայք ամենալկտի հայհոյանքներով հարձակվում էին ոստիկանության աշխատակիցների վրա և հարվածներ հասցնում նրանց:

Դ. Սիմիդյանը, տեսնելով, որ այդ ամենը ֆոտոլրագրողը տեսանկարահանում է, սկսեց հայհոյանքներ և սպառնալիքներ տալով՝ թքել ֆոտոլրագրողի ուղղությամբ, իսկ նրա հարազատներից մայրն ու քույրը սպառնում էին ֆոտոլրագրողին, թե «գողականները քեզ սատկացնելու են»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կանանցից մեկն էլ ասում էր, որ այդ ամենը Դավիթի գլխին սարքել են քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանն ու Էրեբունու պետի տեղակալ ինչ-որ Մերուժ: 30 րոպեից ավելի ոստիկանները չէին կարողանում կատարել իրենց օրինական խուզարկությունը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ բեռնախցիկում հայտնաբերված զենքերը քննիչի կողմից առգրավվել են, իսկ Դ. Սիմիդյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես երեկ՝ մարտի 31-ին, հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բակուր Օհանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել էր Նուբարաշենի խճուղու 7 հասցեում գործող «Որսորդ» ՍՊԸ-ի ճաշարանից կատարված գողության փաստով:

Մարտի 31-ին՝ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք էին գործել նշված ՍՊԸ-ի ճաշարան և հափշտակել այնտեղ եղած, Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ, 38-ամյա Վահան Գրիգորյանին պատկանող «ՕՊ-ՍԿՍ» 7.62X39 մմ տրամաչափի, «ՏՕԶ» 8-01 5X6 մմ տրամաչափի, «ՏՕԶ» 34 12մմ տրամաչափի որսորդական հրացաններ և նշված ՍՊԸ-ի աշխատակից Դիանա Մարդայանի պայուսակը, որի մեջ, ըստ տեղեկությունների, եղել էր նաև գումար:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ պահին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խմբերը ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար անձին կամ անձանց, ովքեր կատարել էին նշված գողությունը:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ «Որսորդ»-ի տարածքը պատկանում է նաև Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և հանրությանը հայտնի «Ավջի Գոքոր» մականվամբ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր ի դեպ, երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի առևտրով՝ օրինական հիմունքներով:

var-2 var-3 var-4 var-5 var-6 var-7 var-8 var-9

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս