Ինչու չհանդիպեցին Րաֆֆին ու Սերժը

Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի «հանդիպման» մասին մեր կայքէջում հրապարակված տեղեկատվությունն, իհարկե, ապրիլմեկյան կատակ էր, ինչի մասին րոպեներ անց տեղեկացրեցինք նաև այն ընթերցողներին, ովքեր հավատացել էին դրան: Իսկ այդպիսիք բավական շատ էին, ինչի մասին էր վկայում այս կատակի հրապարակումից հետո կայծակնային արագությամբ սոցիալական ցանցերում առաջացած աժիոտաժը: Դա էլ իր հերթին՝ խոսում էր այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև սկիզբ առած նամակագրությունը չափազանց մեծ անորոշություն է ստեղծել հասարակության շրջանում: Մարդկանց մի մասը սպասում է նրանց հանդիպմանը, մյուս մասը դա համարում է, բառի բուն իմաստով, աշխարհի վերջը, գրում է, որ այդ լուրն ընթերցելիս՝ հազիվ է զսպել կախվելու միտքը:

Ապրիլմեկյան այս կատակն իրականում շատ լավ թեստ էր վերջին օրերին ստեղծված իրավիճակի, հասարակական տրամադրությունների վերաբերյալ: Իսկ այդ տրամադրություններն ընդհանուր ձևակերպմամբ կարելի է բնորոշել՝ անորոշություն, անհանգստություն, որոշակիորեն՝ նաև տագնապ: Եվ այս իրավիճակի մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն են, կամ ընդդիմությունն ու իշխանությունը, ովքեր իրենց նամակագրական քաղաքավարությամբ ու սիրալիրությամբ հասարակությանը, երկու կողմերում գտնվող քաղաքացիներին հասցրել են գրեթե նյարդային իրավիճակի: Նախագահական ընտրություններից հետո գոնե մինչև այս պահը տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանությունից բխում է, որ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն պետք է հանդիպեն, այլ նաև՝ այդ հանդիպման արդյունքում որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեն: Այլապես դժվար է բացատրել ոչ միայն նրանց միջև ծավալված արդյունավետ նամակագրական կապը, այլև, մի կողմից՝ իշխանության հանդուրժողականությունը, մյուս կողմից՝ Րաֆֆիի՝ հռետորաբանությունը չսրելու և հացադուլը դադարեցնելու քայլը: Այսինքն՝ երկուստեք ամեն ինչ արվում է այդ հանդիպումն ավելի սպասված, ավելի հանդիսավոր, ավելի բեկումնային, ավելի սենսացիոն, ավելի աննախադեպ դարձնելու համար: Բայց դա, կրկնում ենք, արվում է հասարակության նյարդերի, անհանգստության հաշվին: Ընդ որում, արվում է շոուին բնորոշ բոլոր տարրերով: Ի վերջո, ի՞նչ էր նշանակում երեկ Մայր Աթոռ սուրբ Էմիածնում, Սուրբ Զատկի պատարագին Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համատեղ գտնվելու քայլը: Իհարկե, կարելի է հազարավոր պատճառներ նշել, թե ինչու էր Րաֆֆին գնացել Էջմիածին հատկապես այդ պահին, կարելի է հարյուրավոր փաստարկներ գտնել առ այն, որ նա դա արել էր բացառապես՝ որպես հավատացյալ և ոչ որպես քաղաքական գործիչ: Բայց, ի վերջո, խոսքը գործող նախագահի ու իրեն ընտրված նախագահ համարող մարդկանց քայլերի մասին է: Հետաքրքիր է՝ ի՞նչ էին մտածում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն այն պահին, երբ մամուլը հեղեղված էր տեղեկություններով, որ նրանք գտնվում են նույն վայրում, և հնարավոր է՝ հանդիպեն: Րաֆֆի Հովհաննիսյանը երևի մտածում էր. «Ես եմ Սերժին վերջին նամակն ուղարկել, դրանից հետո նա չի պատասխանել, թող ինքը մոտենա ու բարևի», Սերժ Սարգսյանն էլ՝ նույն կերպ երևի մտքում ասում էր. «Իմ վերջին նամակում Րաֆֆիին գովել եմ, ասել եմ՝ թուղթ ու գրիչը վերցրու, արի խոսենք, թող մոտենա բարևի, կասեմ՝ հետո ինչ անենք…»: Սա գուցե այնքան էլ լուրջ ենթադրություն չէ, սակայն պակաս անլուրջ չէ այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրության և դրանից բխող քաղաքական քայլերի բացակայության արդյունքում:
Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը ոչ միայն հասունացել է, այլև դարձել է անհրաժեշտություն, քանի որ նրանք երկուստեք քաղաքական զարգացումներն ուղղորդել են այնպիսի ապաքաղաքական հունով, որ ստեղծված իրավիճակից այլ ելք, գոնե այս պահին, չի երևում:

Տեսանյութեր

Լրահոս