Երևան-Ստամբուլ չվերթը կկայանա. «Բագրատ Տուր»
«Մենք ունեինք ինֆորմացիա, որ Ստամբուլից պետք է օդանավը ուղևորներին բերեր` 115 հոգի, և դատարկ հետ գնար: Դատարկ հետ գնալը կապված էր թուրքական կողմի հետ: Թուրքական կողմը չէր ցանկանում, որպեսզի Հայաստանը չվերթներ կատարեր»,- galatv.am-ի լրագրողի հետ զրույցում, մեկնաբանելով այն տեղեկությունները, համաձայն որի ապրիլի մեկից դադարեցվելու են Երևան-Ստամբուլ չվերթները, ասել է «Բագրատ Տուր» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Բագրատ Նավոյանը: «Մենք համաձայնվեցինք ստիպված, քանի որ այնտեղից պետք է 115 հոգի գար, և դատարկ օդանավ պետք է ուղարկեինք, ովքեր որ ցանկացան գնալ, ես իմ մեքենաներով` Վրաստանով, Թիֆլիսով ուղարկեցինք Ստամբուլ»,- ասել է Բագրատ Նավոյանը:
Վերջինս հայտնել է, որ մոտ մեկ ժամ առաջ թուրքական կողմից դարձյալ հայտնել են, որ չվերթները իրականացվելու են կանոնավոր: «Ասեցին, որ ամեն ինչ արդեն նորմալ է, թուրքական կողմը համաձայնվել է, չվերթները իրականացվելու են կանոնավոր՝ ամեն կիրակի և չորեքշաբթի»:
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորում ստեղծված իրավիճակը, Բագրատ Նավոյանը պատասխանել է. «Ինձ թվում է՝ թուրքական կողմը (թե Ադրբեջանի բողոքներն էր, թե ինչի հետ էր կապված) ուզում էր օդային ճանապարհը փակել: Միակ ճանապարհը, որ Թուրքիա-Հայաստան կար, ուզում էին փակել, բայց երևի իրենք էլ զգացին, որ դա չի կարելի անել, և արդեն այսօրվանից սկսած կանոնավոր աշխատելու ենք»: