Քաղաքական ուժերը պատրաստվում են նախընտրական քարոզարշավին

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունները` ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ զբաղված են կազմակերպչական հարցերի լուծմամբ:

«Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության մարտի 30-ի նիստում հավանության է արժանացել կուսակցության նախընտրական ծրագիրը և հաստատվել է «Մենք կարող ենք ավելին» կարգախոսը:

Ավելի վաղ իրենց կարգախոսներն էին հաստատել «Բարև Երևան» դաշինքը` «Բարև, Երևան», ՀՅԴ-ն` «Երևան, փոխի’ր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստան»-ը` «Փոխելու ենք» և «Սկսենք Երևանից»:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրենց նախընտրական ծրագրերը Կենտրանական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով ներկայացնելու դեպքում դրանք մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը կտեղադրվեն ԿԸՀ-ի կայքում:

Ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունները և «Բարև Երևան» դաշինքում ընդգրկված «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», «Շրջադարձ» կուսակցությունները մինչև ապրիլի 5-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն գույքի և ֆինանսական միջոցների մասին հայտարարագրեր: Դրանք մինչև ապրիլի 8-ը կտեղադրվեն ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում:

Մինչև ապրիլի 5-ը գրանցված քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր:

Ապրիլի 1-ի նիստում ԿԸՀ-ն կհաստատի ընտրություններին գրանցված քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության համար Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը: Նույն նիստում ԿԸՀ-ն քաղաքական ուժերի միջև, նրանց ներկայացրած հայտերի հիման վրա, կբաշխի արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը:

Ապրիլի 7-ից կմեկնարկի նախընտրական քարոզչությունը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս