Սարկիսովը վաստակեց 11-մետրանոց. Վոլգա – Ամկար՝ 1։1 (տեսանյութ)
Այսօր Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Վոլգան» Նիժնի Նովգորոդում ընդունել էր Պերմի «Ամկարին»։ Խաղն անցել է եղանակային անբարենպաստ պայմաններում, ինչի հետևանքով խաղադաշտը գտնվում էր շատ վատ վիճակում։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց ողջ հանդիպմանը։ Նրա ակտիվ գործողությունների շնորհիվ «Վոլգան» կարողացավ վաստակել մեկ միավոր։
Խաղի հաշիվը 60-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է հյուրերի կիսապաշտպան Գեորգի Պեևը։ Սակայն 9 րոպե անց «Վոլգան» կարողացել է հավասարեցնել այն. տուգանայինում Արթուր Սարկիսովին վայր գցելու համար մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարվածն, որն էլ անվրեպ իրացրել է Ալեքսեյ Սապոգովը՝ 1։1։
Այս խաղից հետո «Վոլգան» 21 միավորով «Ռոստովի» հետ կիսում է 12-13-րդ տեղերը, իսկ Պերմի թիմը 23 միավորով 11-րդն է։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը