Կանադական կորպորացիան զինվորականների համար ստեղծել է անտեսանելի թիկնոցներ (տեսանյութ)

Համայն աշխարհում շատերն են երազել, թե ինչեր կարող էին անել, եթե ունենային անտեսանելի թիկնոցներ: Նախկինում դա անհնար էր, մինչդեռ այսօր Hyperstealth Biotechnology ընկերության գլխավոր տնօրեն Գայ Կրամերը խոսում է այն հնարավորությունների մասին, որոնք զինվորականները կարող են ստանալ նոր հայտնագործությունից` Quantum Stealth ներկաքողարկումից (կամուֆլյաժ), որը լույսի բեկման տեխնոլոգիայի շնորհիվ անտեսանելի է դարձնում իրերը:

Hyperstealth Biotechnology ընկերությունը կանադական կորպորացիա է, որը զբաղվում է ռազմական ոլորտի համար նորարարությունների մշակմամբ: Այն ստեղծվել է 1999 թվականին: Այդ ընկերությունը աշխարհում առաջինն է, որը 2002 թվականին ստեղծել է բացասական իոնների գեներատոր, ինչը ներկայումս օգտագործվում է հատուկ նշանակության մի շարք ստորաբաժանումների կողմից:

Այս ընկերության մշակած ներկաքողարկման նոր դիզայնը ներկայումս օգտագործվում է համայն աշխարհում, ընդ որում, ինչպես անմիջականորեն զինվորականների կողմից, այնպես էլ ավելի քան երեք հազար կործանիչներին ու զրահատեխնիկային քիչ նկատելիություն հաղորդելու համար:

Quantum Stealth-ն իրենից ներկայացնում է այնպիսի նյութ, որն ունակ է օբյեկտը դարձնել կատարելապես անտեսանելի` նրա շուրջ ճկելով լուսային ալիքները: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ այն ունակ է թաքցնել ոչ միայն ակնադիտական (վիզուալ) պատճենը, այլև` ինֆրակարմիրն ու ջերմայինը, որոնք նկատելի են գիշերային տեսանելիության ու ջերմության բաշխմանը հետևող (գիշատչի հայացքով նայող) սարքերի կողմից: Բացի այդ, այն վերացնում է օբյեկտի ստվերը:

Կորպորացիայի տնօրենի խոսքերով` անվտանգության պահպանման նպատակով ինքը չի կարող մանրամասնել, թե կոնկրետ ինչ կերպ է իրականացվում լույսի ճկումը: Նյութը ցուցադրվել է ամերիկացի ու կանադացի զինվորականներին, որոնք համոզվել են, որ այն միֆ չէ և ոչ էլ ֆոտո ու վիդեո մանիպուլյացիա, ինչպես նաև, որ նյութը շատ թանկ չէ և ունի թեթև քաշ, և որ դրա արդյունավետության համար չեն պահանջվում հավելյալ հարմարանքներ (մարտկոցներ, տեսախցիկներ, հայելիներ ու ցոլարձակներ): Բացի այդ, թե՛ ամերիկացի, թե՛ կանադացի զինվորականները հաստատել են, որ այն արդյունավետ է նաև ջերմային ու ինֆրակարմիր տեխնիկայի դեմ, ինչն օգտագործվում է ռազմական նպատակներով:

Կրամերը բերել է ռազմական ոլորտում Quantum Stealth տեխնոլոգիայի օգտագործման օրինակներ: Մասնավորապես, այդ նյութը կարող է օգտագործվել այն դիպուկահարների քողարկման համար, որոնք հարկադրված են գործել բաց տեղանքում: Եթե նախկինում դիպուկահարներն օգտագործում էին արհեստական կամ բնական թաքստոցներ, ապա ներկայումս նրանք հնարավորություն են ստացել թիրախին մոտենալ առավելագույնս և դրա հետ մեկտեղ մնալ աննկատ:

Quantum Stealth-ը կարելի է օգտագործել նաև քաղաքային պատերազմի պայմաններում: Վերջինս զինվորականների համար մարտի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, և հատուկջոկատայինները բազմիցս մշակում են այն` այս կամ այն առաջադրանքը կատարելու համար: Անտեսանելի ներկաքողարկման կիրառումը հնարավորություն է տալիս երկար ժամանակ անտեսանելի մնալ, և հակառակորդը կարող է օտարի ներկայության մասին իմանալ միայն այն դեպքում, եթե լսի շարժում ու աղմուկ: Իսկ դա զինվորականներին հնարավորություն կտա հստակեցնել, թե որտեղ են գտնվում պատանդները և որտեղ հակառակորդները և արձագանքել համապատասխան կերպ:

Ներկաքողարկումը կարելի է օգտագործել նաև նոր սերնդի մարտական ինքնաթիռների քողարկման համար: Եթե մինչ այս դրանց փորձարկումների ժամանակ անհրաժեշտ էր այդ ինքնաթիռները քողարկել անգարներում, երբ լրտես-արբանյակները գտնվում են անմիջական մերձակայքում, ապա ներկայումս Quantum Stealth-ի կիրառման դեպքում այլևս չի զգացվում դրա անհրաժեշտությունը:  Ներկաքողարկումը կարող է որպես արդյունավետ քողարկամիջոց ծառայել տանկերի ու զրահատեխնիկայի դեպքում:

Երբ հակառակորդը տեղյակ է մյուս կողմի տեխնիկայի գտնվելու մոտավոր կոորդինատների մասին` կողմնորոշվելով բացառապես կրակոցի ձայնով և շարժիչների աղմուկով, սակայն դրա հետ մեկտեղ չտեսնելով թիրախը, դա նրա գործողությունները դարձնում է անօգուտ, քանի որ անհնար է պատերազմել նրա դեմ, որին չես տեսնում:

Այս նյութը կարող է գործածվել նաև սուզանավերի քողարկման գործընթացում: Առավել վտանգավոր պահերից մեկը սուզանավի հայտնաբերումն է, երբ նա օգտագործում է իր շրջադիտակը: Եթե շրջադիտակը քողարկվի Quantum Stealth-ի օգնությամբ, ապա սուզանավը կարող է աննկատ մնալ ոչ մեծ խորության վրա:  Կրամերի խոսքերով`ռազմական տեխնոլոգիաները տեսանելի ապագայում մատչելի չեն լինի լայն հասարակության համար:

Տեսանյութեր

Լրահոս