Տեր-Պետրոսյանը՝ Ծառուկյանի գաղափարական հետևորդ
Մինչ հասարակության ու քաղաքական դաշտի հիմնական մասը սպասում է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիակի հանգուցալուցմանը՝ ապրիլի 9-ին, արդեն նախկին Հայ Ազգային Կնգրեսի անդամները զբաղված են նոր ստղծվելիք Հայ Ազգային Կոնգրես կուսակցության շինարարությամբ: Դա այնքան է կարևորվում, որ ՀԱԿ կուսակցության ծրագրի քննարկմանը երեկ մասնակցել է անձամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս իրադարձությունը կարող էր և ուշադրության չարժանանալ, եթե տեղի չունենար հատկապես այս օրերին, երբ հասարակության գոնե մի հատվածը Ազատության հրապարակում էր: Ու չնայած Ազատության հրապարակում կայացվող որոշումների կասկածելիությանը, այդուհանդերձ փաստ է, որ հրապարակը ցանկացած պահի կարող է որոշիչ դառնալ: Եվ իրավիճակի նրբությունն այն է, որ Ազատության հրապարակը կարող էր այդպիսին դառնալ նաև այն դեպքում, երբ Լևոն Տեր-Պետորսյանը ՀԱԿ գրասենյակ այցելելու փոխարեն այցելեր Ազատության հապարակ: Բայց, ինչպես նշվեց, նա հիմա զբաղված է շատ ավելի կարևոր՝ ՀԱԿ ծրագրի մշակման գործով:
Թե ինչպիսի անվանումով ու ինչ բովանդակությամբ ծրագիր կնեկայացնի ՀԱԿ կուսակցությունը, պարզ կդառան այդ միավորի առաջիկա համագումարում: Բայց հաշվի առնելով՝ ինչ ճանապարհ անցավ ՀԱԿ-ը գոնե վերջին երկու տարիներին ու ինչի արդյունքում հայտնվեց այս իրավիճակում, ՀԱԿ-ը կարող է ավելորդ ջանքեր չծախսել և որպես կուսկացության ծրագիր ներկայացնել «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրը: Քանի որ եթե անգամ այլ ծրագիր ներկայացվի, այն ոչ միայն չպետք է հակասի ԲՀԿ-ի «գաղափարախոսությանը», այլև պետք է հարկ եղած դեպքում սպասարկի դրան: Համենայնդեպս հենց այդ գործունեությամբ է ՀԱԿ-ը զբաղվել վերջին գոնե երկու տարիներին:
Իսկ «ԲՀԿ-ի գաղափարախոսություն» ասվածը, որքան ծիծաղաշարժ, նույնքան էլ պարզունակ է: Այն փողի՝ շատ փողի վրա հիմնված միավոր է, որը լայն իմաստով սպասարկում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկարաժամկետ քաղաքական շահերը: Աշխարհաքաղաքական ուղղվածությունը նույնպես հայտնի է՝ Ռուսաստան, կրկին Ռուսաստան և էլի Ռուսաստան:
Չնայած ՀԱԿ-ը փող չունի, բայց գոնե աշխարհաքաղաքական վեկտորի առումով ամբողջությամբ տեղավորվում է «ԲՀԿ-ի գաղափարախոսության» ծիրում: Մնում է որոշակի գործունեության դիմաց լրացնել նաև փողի պակասը, ինչն էլ ՀԱԿ-ը անում է՝ սկսած 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից՝ դառնալով ԲՀԿ-ի առանցքի շուրջ ստեղծվող «միասնական շտաբի» հիմնական դերակատարը: Պատահական չէ, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին ՀԱԿ-ը որոշում կայացրեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դրանց մասնակցելու է նաև ԲՀԿ-ն: ՀԱԿ-ը վաղուց արդարացնում է ԲՀԿ-ի արբանյակի՝ իրեն արդարացիորեն տրված գնահատականը:
Մի խոսքով, որքան էլ հին ու նոր ՀԱԿ-ականները նիստեր գումարեն, նրանք պետք է ընդունեն այնպիսի ծրագիր, որը կսպասարկի խոշոր գործարարների շահերը: Իրավիճակի նրբությունն այն է, որ այդպիսով ՀԱԿ-ը ստիպված է լինելու պաշտպանել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև ՀՀԿ-ի օլիգարխներին: Կամ ՀԱԿ-ը պետք է նրկայանա այնպիսի ծրագրային փաթեթով, որ կարողանա յուրային օլիգարխներին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի և այլ ԲՀԿ-ականների, պաշտպանել օտար՝ ՀՀԿ-ի օլիգարխներից:
Այս պատմության մեջ ամենաանհեթեթն այն է, որ Լևոն Տեր-Պետորսյանը ՀԱԿ-ը կուսակցություն դարձրեց ոչնչացնելով այնպիսի կուսակցություն՝ ՀՀՇ-ը, որը գոնե ծրագրային-գաղափարական մասով իր մրցունակությունն ապացուցել էր մոտ երկու տասնամյակ: Նույնիսկ ՀՀՇ-ի ամենամոլի քաղաքական հակառակորդները մշտապես ընդունում էին, որ լավ, թե վատ, բայց այն գաղափարական ուժ է՝ Հայաստանում ազատական գաղափարախոսությունը ներկայացնող հիմնական միավորը: Լևոն Տեր-Պետրոսյանը սակայն ոչնչացրեց ՀՀՇ-ն ու հիմա զբաղված է ՀԱԿ-ի ծրագրի մշակմամբ: Բայց դա ևս քաղաքակա-գաղափարական հիմնավորում ունի: Ազատական ուժը չէր կարող դառնալ մի կուսակցության արբանյակ, որն իր էությամբ ու բնույթով հակաազատական, հակաժողովրդավարական միավորում է: