Ռուդոլֆ Խառատյան. «Արվեստը քաղաքական իրադարձություններից չի կարող կտրված լինել, նույն լճացումը նաև արվեստի մեջ կա»
Քաղաքական թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ։
– Պարոն Խառատյան, Ձեզ մի քանի անգամ Ազատությանհրապարակում եմ տեսել, վերջին շրջանում չեմ տեսնում, այլևս չե՞ք գալիս, թե՞ ես չեմ տեսնում։
– Գալիս եմ։ Թատրոնը գտնվում է հենց Ազատության հրապարակի կողքին, և անցնելիս գալիս եմ՝ լսեմ, թե ի՞նչ են խոսում։ Բոլոր շարժումներն ինձ հետաքրքրում են։ Արվեստն այս իրադարձություններից չի կարող կտրված լինել, նույն տեսակ լճացումը նաև արվեստի մեջ կա։ Արվեստը պետք է թարմանալ, նոր արյունով, մտքով, գաղափարով ներարկվել։ Կառավարությունն էլ պետք է հասկանա, որ նրան կրնկակոխ հետևում են, որ ինքը լավանա, որ նույն ճահճային վիճակում չհայտնվի։
– Ի՞նչեքկարծում՝հասարակությունն այսպահին ի՞նչ տրամադրություն ունի` հիասթափվա՞ծ է, թե՞ հույսեր ունի։
– 2008 թվականին ես Հայաստանում էի, ամեն օր անցնում էի Ազատության հրապարակով և տեսնում էի մարդկանց կատաղությունը, ջղայնությունը, անհանդուրժողականությունը, ատելությունը։ Տեղի ունեցավ բախում, և զոհեր եղան։
Վերջին շրջանում թվում էր, թե մարդիկ անհուսալի վիճակում են, ուզում են հեռանալ Հայաստանից։ Ժողովրդի մեջ երկրից փախչելու տենդենցը դեռ կա, որովհետև այնտեղ ամեն ինչ պատրաստ է, պայքարելու ձգտում չկա։ Այս առումով` ինձ այսօրվա շարժումն ուրախացնում է։ Մարդիկ գիտակցում են, որ հերիք է գնալ, պետք է մնալ, երկիրը կառուցել։
– Ինչպես գիտեք` Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը։ Ի՞նչ եք կարծում` ներկայիս ակտիվությունը պասիվությամբ չի՞ փոխարինվի։
– Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի մասին տարբեր խոսակցություններ կան: Ես էլ չեմ կարող գուշակել, թե ի՞նչ է նա անում, բայց նրա քայլերն ինձ դուր են գալիս։ Ր. Հովհաննիսյանի հետ մեր նախագահը հաշվի է նստում։ Նախագահն էլ է ուզում այս երկիրն առաջ տանել։ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն հնարավորություն է տալիս։ Երկուսն էլ լավ շախմատ խաղացողներ են։ Ր. Հովհաննիսյանը` գալով Ազատության հրապարակ, ճիշտ ընտրություն էր կատարել, որ ժողովուրդը կրկին երկրից չփախչեր, այլ մնար և հավատար։ Չգիտեմ` նա՞ է այդ քայլերը մտածում, թե՞ մտածված են, բայց կարծում եմ, որ դրանք դեռևս ճիշտ հունով են զարգանում։ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը, կարծում եմ, ճիշտ քայլ կլինի, որը կհանգեցնի ոչ թե բախման, այլ զարգացման։
Տեսնելով, թե որ պետություններն են Հայաստանի բարեկամները, թշնամիները, հասկանում ես, որ Հայաստանը միայն իր վրա պետք է հույս դնի։
– Եթե ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ասած՝ նախագահ չդառնա, ժողովուրդը կրկին հիասթափությո՞ւն կապրի։
– Բոլորս երազելով՝ պետք է ռեալիստ լինենք։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ նա արդեն հաղթել է, որովհետև հաղթահարել է երկիրը լքելու մտադրությունը։
– Իրավիճակի լուծումը մերձեցման մե՞ջ եք տեսնում։
– Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ներքևի հատվածից բարձրանան վերև և միասին առաջ գնան։ Պարտադիր չէ բարեկամ լինել, բայց նրանք երկուսն էլ հեռուն տեսնող են և պետք է երկիրն առաջ տանեն։