Բաժիններ՝

«Բա շնորհակալությո՞ւնը». բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կաշառակերությունը շարունակվում է

Նախորդ տարվ հոկտեմբերի 3-ին աշխատանքից ազատվեց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանը:

Մեր ընթերցողները կհիշեն վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հուզիչ տեսարանը՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Վարչապետն ու մյուս պաշտոնյաները հանկարծ պարզել էին, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ:

Վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը նշել էր, որ բուժհաստատություններում 0-88 ձևը տրամադրելիս պահանջում են 5.000-20.000 դրամ կաշառք, ԲՍՓՀ-ներում  պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ: «Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով:

Այս  ամենը խիստ զայրացրել էր ՀՀ վարչապետին և նա հանձնարարել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ծանոթանալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերին և բոլոր այն կետերում, որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացնել կադրային փոփոխություններ:

Կադրային փոփոխությունները կատարվեցին։ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանը և մի շարք այլ աշխատակիցներ աշխատանքից ազատվեցին։ Այնպիսի տպավորություն էր, որ ազատվողները պետք է երջանիկ լինեին, որ չեն դատվում։ Նաև թվում էր, թե այս հաստատություններում կաշառակերությունը, գոնե  հաշմանդամների մասով, կվերանա կամ զգալիորեն կնվազի։

Սակայն, ինչպես ասում է ժողովուրդը, կարմիր կովը կաշին չի փոխում:

168.am զանգահարած քաղաքացիները պնդում են, որ կաշառակերությունը բժշկասոցիալական փորձաքննության գործակալություններում շարունակվում է նախկին մասշտաբներով և հաշմանդամության կարգը հաստատելու համար շարունակում են գումարներ վերցնել։ Փոխվել է միայն մոտեցման ձը։ Եթե նախկինում արդեն չգրված օրենք էր, և հաշմանդմները գիտեին, որ պետք է վճարեն հաշմանդամության մեկ ամսվա նպաստին մոտ մի գումար, ապա այսօր նրանց այդ մասին խնդրում  կամ ակնարկում են  «շնորհակալություն հայտնել»։

Ինչպես երևում է՝ մի հատուկ փորձաքննություն էլ հարկավոր է անցկացնել այդ ոլորտի որոշ աշխատակիցների համար և նրանց ուղարկել հարկադիր բուժման՝ կաշառակերությունից կախվածությունից ձերբազատվելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս