«Սերիալները խլում էին իմ ողջ ժամանակը»
Երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախապատրաստվում է ներկայանալ նոր համերգային ծրագրով: «Ամենայն հավանականությամբ, աշնանը նախապատրաստվում եմ հանրությանը ներկայանալ նոր համերգային ծրագրով: Կատարելու եմ համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների ռոմանսներից: Այժմ դրանով եմ զբաղված»,- ասաց երգիչը: Վերջինիս՝ որպես ռոմանսներ կատարող երգչի, քչերը գիտեն: Շատերը Ռ. Մադլենյանին ճանաչում են որպես դերասան՝ հեռուստասերիալներում կերտած իր կերպարներից, ապա նաև՝ որպես երգահան և կատարող: Ինքն այդ բնորոշումից և այն փաստից, որ քչերն են ճանաչում իրեն՝ որպես օպերային երգիչ, չզարմացավ: Ըստ Ռ. Մադլենյանի, սովորական և բնական է, որ մարդիկ ընդունում են արտիստին այն լույսի ներքո, որ լույսի տակ որ առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Նշենք, որ մոտավորապես երկու տարի է, Ռ. Մադլենյանին հեռուստասերիալներում չենք տեսնում: Երգիչն այժմ զբաղվում է նրանով, ինչն իրեն առավել հարազատ է: «Մոտ 2 տարի է, սերիալներում չեմ նկարահանվում, սակայն մշակութային գործունեություն եմ ծավալում: Սերիալները խլում էին իմ ողջ ժամանակը: Չկար ոչ գրաֆիկ, ոչ հստակ ժամանակացույց, ուստի որևէ այլ բան պլանավորելը դառնում էր անիմաստ: Հիմա սերիալներում այլևս չեմ նկարահանվում և ունեմ շատ ժամանակ՝ զբաղվելու նրանով, ինչ սիրում եմ, և ինչն իմն է: Թեև շատ ակտիվ համագործակցում եմ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ որպես երգահան, բայց երբեմն-երբեմն հանդես եմ գալիս որպես օպերային երգիչ»,- ասաց Ռ. Մադլենյանը: Վերջինս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ 2012թ. հուլիսին կատարեց Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան: Արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես էր եկել սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, Կալաֆի դերում` հարավկորեացի տենոր Էնրիկո Լին: Ելույթ են ունեցել նաև Պերճ Քարազյանը, Գուրգեն Բավեյանը, Սարգիս Աղամալյանը, իսկ Տիմուրի կերպարը կերտել է Ռիչարդ Մադլենյանը: «Հանդիսատեսը տպավորված էր: Ամեն բան այնքան լավ անցավ, որ մենք ևս երկու անգամ խաղացինք: Նշեմ, որ այս օպերայի՝ Հայաստանում բեմադրելը, մեծ առաջընթաց էր, և մենք շատ մեծ պարտավորվածությամբ էինք աշխատում, քանի որ այդ օպերան ոչ միայն Հայաստանում չէր բեմադրվել, այլև մեր երկրում առհասարակ չէր կատարվել: Ուրախ եմ, որ անգամ նման պարագայում մեր հասարակության մի ստվար զանգված ընդունում ու դեռ հավատարիմ է մնում օպերային արվեստին»,- ասաց Ռ. Մադլենյանը: Այն, ինչ շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ արվեստ են համարում, Ռ. Մադլենյանի կարծիքով, շատ հեռու է իրական արվեստ կոչվելուց: «Որտեղ կա շատ փող, այնտեղ մշակույթ չի կարող լինել: Ես շոու-բիզնեսի և ոչ մի տարր մշակութային չեմ կարող անվանել: Մեր անկախության հետ մեկտեղ՝ ինչպես փլուզվեցին շատ համակարգեր, այնպես էլ փլուզվեց դասական մշակույթի համակարգը: Երկրից հեռացան շատ անվանի մասնագետներ, գյուխ բարձրացրեց «փողոցի եթերը»: Որպեսզի վերստին զարգանա այդ ամենը, պետք է ռեսուրս ու նվիրվածություն ներդնենք: Մեր Մշակույթի նախարարությունն ամեն անգամ մի կլորիկ գումար է տալիս դրսից ինչ-որ արտիստ կամ նվագախումբ այստեղ բերելու համար, բայց ախր Ֆիլհարմոնիան գործիք չունի, որ երաժիշտները նվագեն: Ինչի՞ մասին կարող է լինել խոսքը: Կամ ինչո՞ւ պետք է Մշակույթի նախարարությունը հովանավորի ռաբիս երգիչների համերգները: Ախր գոյություն ունի մշակույթ, որը, հանուն մեր ապագա սերնդի, պետք է զարգացնենք»,- ասաց երգիչը: Ռ. Մադլենյանը վստահ է, որ հասարակության շրջանում դասական արվեստի հանդեպ սերը պետք է սերմանվի դեռ նախադպրոցական տարիքից: «Ինչի՞ց է, որ այլազգիների երեխաները լսում են դասական երաժշտություն, համաշխարհային նշանակության արվեստագետների կատարումներ, օպերա, իսկ մեր՝ մանկապարտեզ հաճախող երեխաները լսում են ռաբիս երաժշտություն, անգիր գիտեն բոլոր կատարողներին, իրենց երգերը: Նույն գերմանացին կարող է կանգնել փողոցում, լսել ինչ-որ օպերային երաժշտություն ու դրանից մեծ բավականություն ստանալ, ինչո՞ւ հայը դա անել չի կարող: Մենք ուղղակի մշակույթը պետք է զարգացնենք, հավատացեք, դա շատ հեշտ է անել»,- ասաց երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը:
Աիդա Ղարիբյան