«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»: Նոր ցուցադրություն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (ֆոտոշարք)
Արվեստագետ Հակոբ Հակոբյանի աշխատանքային մոդելներն այսօր արվեստասեր հանրությանը «պատմում էին» իրենց սիրո, դավաճանության, ապրած հույզերի ու միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի ունեցավ մեծանուն արվեստագետ Հակոբ Հակոբյանի «Երկաթե երկեր» ցուցահանդեսի փակ բացումը: 4 գեղանկարից և 62 քանդակներից բաղկացած ցուցահանդեսն իր տեսակի մեջ եզակի է:
«Նմանատիպ ցուցադրություն նախկինում չէր եղել: «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցադրությունն առաջին անգամ երևան է հանում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում՝ ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Իր աշխատանքներով Հակոբ Հակոբյանը մեծ ներդրում ունեցավ գալիք սերունդների համար: Այն, ինչ այսօր ցուցադրվում է, ապացույցն է այն բանի, որ կարելի է արվեստում համադրությունների միջոցով ստանալ առավել հետաքրքիր, յուրօրինակ աշխատանքներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը: «Արվեստագետի գլխավոր թեման մարդն է»,- ասում էր Հակոբ Հակոբյանը: Սա է այն հիմնական ստեղծագործական սկզբունքը, որը տասնամյակներ շարունակ առաջնորդել է արվեստագետին իր աշխատանքներում: Շուրջ քառասուն տարի աշխատելով վրձնով՝ անցյալ դարի 80-ական թվականներին Հակոբյանը հայացքն ուղղեց դեպի քանդակի աշխարհը: Աշխատանքային գործիքների մարդակերպ և կենդանակերպ համադրումները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին՝ որպես կտավների նոր բնակիչների նախակերպեր, աստիճանաբար սկսեցին ընկալվել՝ որպես առանձին քանդակներ: Հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումները ծնունդ տվեցին հակոբյանական նոր արարածներին: Վերջին տասնամյակը վարպետի քանդակների ստեղծման ամենաբեղուն շրջանն էր: