Բաժիններ՝

Ո՞վ է գրպանել բիոզուգարանների գումարը

Անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան կամ կենսազուգարան գնել, ինչի համար պետական բյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար:

Ի դեպ, նկատենք, որ դեռևս 2010թ. Կառավարությունը որոշել էր երկու բիոզուգարանի ձեռքբերման համար պետական բյուջեից տրամադրել 100 մլն դրամ: Ինչևէ, կառավարության որոշմամբ՝ գնված բիոզուգարաններից մեկը տեղադրվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում` ճոպանուղու հարևանությամբ, մյուսը տեղադրվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, թեև նախապես որոշվել էր այն տեղադրել Գառնիում: Այս տարվա փետրվարին Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն, անդրադառնալով բիոզուգարանների ձեռքբերմանը, ասաց, թե դրանք մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար, ապա նշեց, որ այդ զուգարաններում ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում` մաքրությունը պահպանելու համար, որ զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, և վճարը կլինի 200 դրամ: Մինչդեռ դրանից մեկ ամիս հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ ինքն ու իր ղեկավարած կառույցը տեղյակ չեն այդ բիոզուգարանների շահագործման գործընթացից: Երբ լրագրողները մեջբերեցին փոխնախարար Ա. Պետրոսյանի խոսքերը, Տ. Դավթյանը պատասխանեց. «Չգիտեմ: Մեր նախարարությունը զբաղվում է արդյունաբերությամբ, եվրաինտեգրմամբ, ներդրումներով, արտահանումով, զբոսաշրջությամբ,- ապա ավելացրեց,- Իմ փոխնախարարն էդ մասին չի խոսել»: Ինչևէ, այս հակասական պատկերը մի կողմ դնելով` նկատենք, որ կառավարությունը պատասխանատվությունից խուսափելով, չգիտես՝ ինչո՞ւ, բիոզուգարանների տեղադրման և շահագործման գործառույթը փոխանցեց Ազգային մրցունակության հիմնադրամին: Երեկ մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ այդ հիմնադրամից` հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նշյալ գործառույթն իրենք են ստանձնել, և ե՞րբ են իրականացնելու շահագործման աշխատանքները: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, սակայն, մեզ ասացին, որ մեր հարցերին կպատասխանեն գրավոր տարբերակով: Ավելի ուշ մենք խոսեցինք նաև Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի հետ, ում փոխանցմամբ` մեկ շաբաթ առաջ բիոզուգարանների հարցով գնացել էին, պահանջել էին ջուրը միացնել, իրենք էլ միացրել են: Գյուղապետն ասաց, որ այլևս տեղեկություն չունի, թե արդյո՞ք փորձարկվել են բիոզուգարանները: «Ինձ ասել են, որ շահագործվելու է: Եսիմ, կարող է ամսի մեկից շահագործվի»,- նշեց Մ. Սիմոնյանը: Հարցին, թե տեղյա՞կ է բիոզուգարանների գնի մասին, նա պատասխանեց. «Բիոզուգարանների արժեքը որ լսեցի, գլխիս կափարիչը դուրս ա եկել տեղից: Չգիտեմ, 170.000 դոլար ա` ասում են»: Երբ հետաքրքրվեցինք, թե, օրինակ, եթե 170.000 դոլարը տրամադրեին համայնքին, ի՞նչ կարվեր, որքանո՞վ է նպատակային այդքան գումար տրամադրել մեկ զուգարանի համար, Մ. Սիմոնյանն ասաց. «Էդքան գումար որ տային ինձ, ես տասը հատ էդ ձևի, ավելի լավ զուգարան կսարքեի, հետո էդ փողով համայնքը կզարգացնեի, բայց ո՞վ ա ինձ էդքան գումար տվողը: Էնպես չի, որ մենք պատրաստակամ ենք քննադատել մեր կառավարությանը, բայց դե, դա իրենց գործն ա, ես ի՞նչ կարամ ասեմ»: Կովկասի բնության հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով բիոզուգարանների գնման փաստին` ասաց. «Կողմ եմ, որ լինի պատմամշակութային հուշարձանների մոտ, հատկապես այն հուշարձանների մոտ, որոնք տուրիստական մեծ հետաքրքրություն են առաջացնում: Դրա կարիքն, իսկապես, կա, բայց եթե կոնկրետ խոսենք էս դեպքի մասին, այս երկու` «ֆանտաստիկ» հնարավորություններով զուգարանների մասին, ես կարծում եմ, որ մեր գերակայությունների շրջանակներից դուրս է: Կարելի էր շատ ավելի էժան, շատ ավելի կոմպակտ տարբերակներ ընտրել»: Ա. Վերմիշյանի խոսքով` այդ թանկարժեք զուգարանները պետք չեն, որովհետև մեր երկրում շատ ավելի կարևոր գործեր կան անելու: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվում կառավարության նշյալ որոշումը, բնապահպանը պատասխանեց. «Բարդ հարց եք տալիս, անկեղծ ասած: Ուղղակի համակարգի ներսում խնդիրներ կան, ես էդպես եմ ընկալում: Իսկապես, գերակայությունները ճիշտ չեն սահմանված: Միայն այդ դեպքը չէ. պարբերաբար բյուջեից ինչ-որ ծախսերի մասին են գրում, որ զարմանում եմ, ո՞նց կարելի է նման ծախսեր անել: Նայել եմ նաև 2013-15թթ. միջնաժամկետ ծրագիրը: Փաստորեն, բնապահպանության ոլորտում ծախսերի ավելացում չի նախատեսվում, ընդհանուր առմամբ` կրճատվում է: Հիմա մենք նման ծախսեր անելով, բնականաբար, չենք կարող բնապահպանական ծախսեր անել: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ մոտ բնապահպանության ոլորտում շատ լուրջ են խնդիրները, բնապահպանական քաղաքականությունը` որպես այդպիսին, Հայաստանում, չասեմ, թե չի ձևավորվել, բայց լուրջ համակարգային խնդիրներ ունի»:
Ինչևէ, համացանցում կարելի է գտնել բավական շատ տեղեկություններ բիոզուգարանների մասին, այդ թվում` դրանց գների մասին: Ընդ որում` նշյալ բիոզուգարանները կարելի է ձեռք բերել առավելագույնը 8000դոլարով: Սա, մեղմ ասած` աբսուրդ է, բայցև գտնվում է այս կառավարության մտածելակերպի ուղեծրում: Ընդ որում` զավեշտալին նաև այն է, որ նույն կառավարությունը թույլատրել է, որ Տաթևին մոտ գտնվող գյուղում` Սվարանցում, երկաթե հանքի հետախուզական աշխատանքներ իրականացնեն, երբ տվյալ վայրում ճոպանուղի է բացվել, զբոսշաշրջություն են ուզում զարգացնելգ Կառավարությունը, թերևս, չի տեսնում մեր երկրում օրեցօր կենսակերպի վերածվող աղքատությունը, երբ, համաձայն վիճակագրական տվյալների` 2012թ. աղքատության ցուցանիշը կազմել է 35%, երբ Գյումրիում դեռևս 4500 ընտանիք անօթևան է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս