«Ժառանգությունը» ցանկանում է պետական կառավարման համակարգի մաս կազմել, բայց մնալ ընդդիմություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ բոլոր նորմալ պետություններում ընդդիմությունը ունենում է ստվերային կառավարություն, սակայն Հայաստանում այդ գաղափարը դեռևս հասունացած չէ:

«Մենք այդ մշակույթը չունենք, և երբ քաղաքացիական ֆորումի ժամանակ նույնիսկ մարդկանց անուններ տվեցին, հաջորդ օրը այդ խեղճ մարդկանց վրա քննադատությունների հեղեղ եկավ: Այսինքն՝ այսօր չի ապահովվում այն իրավիճակը, որ մենք կարողանանք իսկապես ներկայացնել»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ նորմալ երկրներում ընդդիմությունն ընդգրկված է լինում պետական կառավարման համակարգում, բայց դա չի նշանակում կոալիցիայի մեջ մտնել: «Չի լինելու կոալիցիոն կառավարություն՝ մեր մասնակցությամբ: Մեր մոտեցումն է ՝ կարող ես մաս կազմել  պետական կառավարման համակարգին, սակայն լինել ընդդիմություն»,-ասաց Ժառանգություն» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ իրենք խոսում ենք ընդդիմության  այն հատվածի մասին, ովքեր հավաքվել են այս շարժման շուրջ:  Ռուբեն Հակոբյանը, բերելով Գերմանիայի օրինակը, որտեղ վարչական միավորների ղեկավարներն ընտրովի են, ասաց, որ իրենք կողմ են սահմանադրական այն փոփոխությանը, որով մարզպետի պաշտոնը կդառնա ընտրովի, ինչը հնարավորություն կտա մարզպետին պատասխանատու լինել ընտրողի առջև: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե նախագահի ընտրությունների ժամանակ կեղծարար մարզպետները պետք է պատժվեն՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե իրենք մարզպետերի փոփոխությունն օրակարգային խնդիր չեն դարձրել, բայց ակնհայտ է, որ որոշ մարզպետեր պետք է ազատվեն աշխատանքից:

Իսկ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը  չի պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի, ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի և արդարադատության նախարար Հրայր  Թովմասյանի հրաժարականները, եթե բողոքում է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, ընտրակեղծիքներից, արդարադատությունից: Այս հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց հետևյալ կերպ.«Այսօր կան ուժեր, որոնք բացարձակապես չեն պահանջում նախագահի հրաժարականը, չեն ասում, որ կեղծիքով է ընտրվել նախագահ, բայց օրը 25 անգամ ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա: Սա գիտենք՝ ինչ է նշանակում: Այսօրվա մեր քաղաքական իրականությունն այնպիսին է, որ վարչապետն ավելի քիչ լիազորություններ ունի,  քան որևէ նախարարի կամ օլիգարխի թեկնապահների շեֆը: Եվ եթե այսօր մեզ ուզում են քննադատել, թե տեսեք՝ դու օրը 25 անգամ չեք պահանջում վարչապետի հրաժարականը, ես պարզ դեմագոգիա եմ տեսնում այդտեղ»: Նա ավելացրեց , որ երբ իրենք պահանջում են վերանայել կեղծված ընտրությունների արդյունքները, դա նշանակում է և վարչապետի, և ոստիկանապետի, և արդարադատության նախարարի հրաժարականներ պահանջել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս