Ընդդիմության դեմ ռազմական գործողությունները Սիրիայի կառավարության համար ամսական արժենում են 500 միլիոն դոլար
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունն ազգային արժույթը թողարկում է Մոսկվայում՝ իր զինվորներին աշխատավարձ վճարելու համար: Այսպիսի եզրահանգման է եկել Նյու Յորքում գործող ProPublica լրագրողական հետաքննությունների խումբը:
Վերջինս հրապարակել է «Սիրիական հակամարտության աջակիցներ (մեղսակիցներ)» անվանմամբ զեկույցը, որում նշված է, թե երրորդ կողմի գործողություններն ինչպես են ազդում սիրիական իրադարձությունների վրա:
Զեկույցի համաձայն՝ իտալական, հունական ու ամերիկյան ընկերություններն Սիրիային օգնում են տեխնոլոգիաներով, իսկ Վրաստանը, Լիբիան, Կիպրոսը, Անգոլան, Վենեսուելան, Իրանն ու Ռուսաստանը՝ նավթի ու բենզինի մատակարարմամբ:
Բացի այդ, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Իրանն ու Ռուսաստանը Սիրիային ապահովում են զենքով: Իրանն ու Ռուսաստանը Սիրիային աջակցում են նաև զինյալներ և գումարներ ուղարկելով: Դրա հետ մեկտեղ նշված է, որ Սիրիան իրավական տեսանկյունից համագործակցում է 30 երկրի հետ՝ ներառյալ Ադրբեջանը:
Նշվում է, որ ИЛ-76 բեռնատար օդանավերը Մոսկվա-Դամասկոս ուղղությամբ փոխադրել են թղթադրամներ՝ մոտ 240 տոննա: Ընդ որում, ամեն անգամ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ամեն անգամ բեռնվել է 30 տոննա բեռ: Թղթադրամները փոխադրվել են 8 անգամ:
Զեկույցում նշված է, որ ընդդիմության դեմ ռազմական գործողությունները շարունակելու համար Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ է ամսական 500 միլիոն դոլար: Փորձագետների գնահատմամբ՝ մինչև բախումների սկսվելը Սիրիայի արժութային պաշարները կազմել են 17 միլիարդ դոլար, իսկ ներկա դրությամբ դրանք նվազել են գրեթե մինչև 6-8 միլիարդ դոլարի:
Երկրի արժութային պաշարն ամսական նվազում է 500 միլիոն դոլարով: Այդ ժամանակահատվածում սիրիական ֆունտն արժեզրկվել է 44 տոկոսով: Մինչև հակամարտության սկսվելը Սիրիայի բյուջեն ձևավորվում էր հիմնականում հարկերի հաշվին, սակայն ռազմական գործողությունները թուլացրել են երկրի տնտեսության հարկային պոտենցիալը: Այդ պատճառով էլ Սիրիայի իշխանությունները փորձում են երկարաձգել իրենց (թղթադրամների) տպագրամեքենայի առկայությունը Մոսկվայում: