ՀՀԿ-ի ախորժակը բացվում է

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները երկրորդն են լինելու մայրաքաղաքի պատմության մեջ: Թե նախորդ` 2009թ. ընտրություններում, թե այս անգամ ընտրություններին մասնակցում է 7 ուժ` պայքարելով քաղաքային ավագանու 65 տեղի և գլխավորը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Հետաքրքրական է, որ այս անգամ կուսակցություններն ընդլայնել են իրենց համամասնական ցուցակները: Այս անգամ ընտրապայքարից հրաժարվեցին նախորդ ընտրություններում ոչ ֆավորիտ ուժերը, ավելին՝ հենց այդ ընտրություններն էլ դարձան նրանց համար ճակատագրով վերջինը, գոնե առայժմ:

2009թ. մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններում ցածր արդյունքներ գրանցած «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին ստիպեցին վերանայել քաղաքական գործունեության վերաբերյալ իր պատկերացումները, ինչի արդյունքում Տիգրան Կարապետյանը հասկացավ, որ սեփական միջոցներն ավելի լավ է ծախսել ճանապարհորդությունների և հանգստի վրա, քան՝ անշնորհակալ ընտրողների:

Երևանի ավագանու առաջին ընտրություններում իսկական հայտնություն էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության՝ ՀԱՍԿ-ի մասնակցությունը: Քանի որ Հայ ազգային կոնգրես դաշինքն ամենուրեք որոնում էր իշխանության ականջները, ՀԱՍԿ-ի՝ ընտրապայքարում հայտնվելու մեջ ևս ինչ-որ դավադրություն տեսավ, սակայն իրական վտանգ, բնականաբար, ՀԱՍԿ-ը չներկայացրեց: Կուսակցությունը դրանից հետո որևէ ընտրության այլևս չի մասնակցել` բավարարվելով 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ 2013թ.-ի նախագահի ընտրություններում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելով: Նախագահի նախկին թեկնածուներից հենց նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության շուրջ ձևավորված «Բարև, Երևան» դաշինքն է 2013թ.-ի նորեկներից մեկը:

Ընդ որում՝ իշխող կուսակցության հիմնական հակառակորդն՝ այս «տիտղոսը» ցանկանում է խլել նախկին հավակնորդ Հայ ազգային կոնգրեսից: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև, Երևանը» ՀԱԿ-ից խլել է նաև ընտրության մասնակցության ձևաչափը. եթե 2009թ.-ին ավագանու ընտրություններում ՀԱԿ-ն էր ընտրություններին մասնակցող միակ դաշինքը, ապա այս անգամ ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցում է իբրև կուսակցություն, իսկ միակ դաշինքը «Բարև, Երևանն» է: Երևանի ավագանու երկրորդ ընտրությունների մյուս նորեկը քաղաքական դաշտի նորելուկ «Առաքելություն» կուսակցությունն է:

Կարդացեք նաև

Նշենք, որ այս կուսակցությունն իր հիմնադիր համագումարն արել է ընդամենը 2013-ի փետրվարի: Ամենափոքր` 29 հոգանոց ցուցակ ներկայացրել է այս կուսակցությունը: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի նվազագույն շեմը 25 թեկնածուն է: Այս կուսակցության ցուցակում ընդգրկված են հիմնականում երիտասարդներ, միակ «ծեր» թեկնածուն 1949թ. է ծնվել, հիմնականում՝ 1980-1990թթ. ծնվածներ են ընդգրկվել ցուցակում, գերակշիռ մասը` կուսակցականներ:

Ցուցակում ընդգրկվածների մեջ կան բանկային համակարգի աշխատողներ, մարքետոլոգներ, գանձապահներ: Ուշագրավ էր ցուցակում տեսնել շինարարի և կոշկակարի մասնագիտությունների տեր մարդկանց: Ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս ամենամեծ համամասնական ցուցակը ներկայացրել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդ որում, եթե նախորդ անգամ 174 հոգանոց ցուցակ էր ներկայացրել, ապա այս անգամ՝195 թեկնածուից բաղկացած: Ընդ որում, սա օրենքով սահմանված վերին նիշն է: Փոփոխության է ենթարկվել ցուցակի առաջին եռյակը, այն ժամանակվա գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի փոխարեն` ցուցակը գլխավորելու է եկել ներկայիս քաղաքապետ, նախկին ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը: Նախկին քաղաքապետի անունն այս անգամ առհասարակ ցուցակից բացակայում է, թեև մամուլում պարբերաբար շրջանառվում էին լուրեր, թե նա վերադառնալու ցանկություն ունի:

ՀՀԿ-ի այս ցուցակում հայտնի անուններից շատերը պահպանվել են՝ Հրաչ Պողոսյան, Աստղիկ Գևորգյան, Մարտին Վարդազարյան, Միքայել Դովլաթյան, Մարիամ Ղազարյան, և այլք: Մասնագիտությունները ՀՀԿ-ի ցուցակում, բնականաբար, շատ բազմազան են, իսկ գործազուրկները` ընդամենը 14-ը: Ի տարբերություն ՀՀԿ-ի` գործազուրկների մեծ բանակ ունի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը:

Եթե 2009թ.-ին դաշինքով ներկայանալու դեպքում` ՀԱԿ-ը 164 թեկնածուից բաղկացած ցուցակ էր ներկայացրել` ընդ որում, ցուցակը գլխավորում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրան հաջորդում էին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ապա այս անգամ 42 հոգանոց ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդը՝ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության համակարգող Զոյա Թադևոսյանն է, երրորդը՝ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հատկանշական է, որ «ՀԱԿ»-ի 21 «չաշխատողների» մեջ է մտնում նաև ցուցակի առաջին համարը:

Ցուցակն ընդլայնել է նաև ԲՀԿ-ն: Նախորդ ընտրությունների 119 հոգանոց ցուցակի փոխարեն` այս անգամ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ետ է մնացել ընդամենը մեկով՝ ներկայացնելով ավագանիի 194 թեկնածու: Եթե նախորդ անգամ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն էր գլխավորում ցուցակը, ապա այս անգամ՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Չնայած նախորդ ընտրություններում կրած պարտությանը, ՀՅԴ-ն ևս ցուցակն ընդլայնել է. 50-ի փոխարեն` 65 հոգանոց թիմով է ներկայանում: Ցուցակի նախկին առաջատար Արծվիկ Մինասյանն այս անգամ բացակայում է ցուցակից:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը ևս ընդլայնել է ցուցակը. 71 թեկնածուին փոխարինելու է եկել 105 անձից բաղկացած ցուցակը: Ի դեպ, ՕԵԿ-ը միակ կուսակցությունն է, որը թե՛ 2009-ի, թե՛ 2013-ի Երևանի ավագանու ընտրություններում իր ցուցակում բացառապես ընդգրկել է իր կուսակցության ներկայացուցիչներին:

Տեսանյութեր

Լրահոս