Սերժ Սարգսյանը չի ընկալել ամենագլխավորը
Ասում է Սմբատ Այվազյանը
Երկուշաբթի օրը ՀՀ նախագահի նստավայրում ընդամենը մի քանի լրատվամիջոցների մասնակցությամբ կայացած և հաջորդ օրը հեռուստաալիքներով միակ տարբերակով ներկայացված, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը ոչ միանշանակ արձագանք ստացավ հասարակության մեջ և քաղաքական ու լրատվական դաշտում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս օրերին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմակերպվող հանրահավաքներին մասնակցում է ընդամենը 3000 հազար մարդ, որը կազմում է ՀՀ բնակչության ընդամենը 0,1 տոկոսը, իսկ 2008 թ., երբ ընդդիմության առաջնորդը ՀՀ առաջին նախագահ և այն ժամանակ նույնպես ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն էր, «մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում»: Ելնելով սրանից` Սերժ Սարգսյանը նշեց, որ «խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն կոռեկտ չէ»:
Բացի այդ` Սերժ Սարգսյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չկան օլիգարխներ: Իսկ անդրադառնալով Հայաստանից բնակչության արտագաղթի խնդրին` Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանից արտագաղթում են ոչ արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով, ինչպես հաճախ լրատվամիջոցներն են ասում: «Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»,- ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի այս և մյուս գնահատականների շուրջ զրուցեցինք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանի հետ, ով երեկ եկել էր Ազատության հրապարակ` ներկա գտնվելու քաղաքացիական խորհրդի հերթական նիստին:
– Պարոն Այվազյան, ի՞նչ կարծիք ունեք մամլո ասուլիսում Սերժ Սարգսյանի տված գնահատականների մասին:
– Ընդհանրապես, ասուլիսի վերաբերյալ պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ չի ընկալել` ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ին, ինչո՞ւ է ժողովուրդն այդ օրը համախմբվել, և միասնականորեն ինչի՞ դեմ են քվեարկել: Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյանի հարցն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի: Ժողովուրդն այդ օրը քվեարկել է այն իրավիճակի դեմ, որում հայտնվել է երկիրը, և այն ճանապարհի դեմ, որով ընթանում է երկիրը: Սա է գլխավորը: Սերժ Սարգսյանը կա՛մ չի ընկալել ամենագլխավորը, կա՛մ ընդհանրապես չի ուզեցել դրան անդրադառնալ:
Այդ պատճառով` այդ մամուլի ասուլիսը ես համարում եմ խիստ մակերեսային, որովհետև նա չանդրադարձավ գլխավոր խնդրին: Իսկ ինչ վերաբերում է քրեաօլիգարխիկ համակարգին, իր կողմից բերված թվերին` այստեղ 3000 են կամ 30 000, չեմ ցանկանում ո՛չ համաձայնությունս հայտնել, ո՛չ էլ անհամաձայնությունս, քանի որ դա գլխավորը չէ, գլխավորն այն մթնոլորտն է, որը կա երկրում:
– Իսկ Դուք ինչպե՞ս եք ընկալել այդ մթնոլորտը:
– Ես խոսում եմ այն մթնոլորտի մասին, որում մարդը չի կարողանում ապրել: Ի՞նչ է նշանակում, որ մարդ 16-18 ժամ աշխատի, նախ` որտե՞ղ աշխատի, և երկրորդը` ինչո՞ւ նա պետք է 18 ժամ աշխատի: Հանրապետության նախագահի պաշտոնը կրողն իրավունք չունի նման բան ասել, որովհետև գոյություն ունի օրենքով, Սահմանադրությամբ սահմանված ժամ, և քաղաքացին պետք է այդքան աշխատելով` կարողանա իր ընտանիքը պահել: Այսինքն` ինքն էլ է ընդունում, որ մարդն, այդքան աշխատելով` չի կարողանում իր ընտանիքը պահել: Հետևաբար` նա պետք է իր կաշվից դուրս գա, 2,5 կամ 3 անգամ ավելի շատ աշխատի: Այդպես չեն ապրում, այդպես չի կարելի, այդ հոգեբանությամբ չի կարելի երկիրը ղեկավարել:
– Սերժ Սարգսյանը դատապարտում է այսօր Ազատության հրապարակում ժողովրդի անունը հնչեցնող գործիչներին` նշելով, որ բոլոր ժամանակներում ժողովրդի անունից խոսել են և՛ բարեգործները, և՛ չարագործները: Իսկ ո՞րն է ընդհանրապես ժողովրդի առկայության չափանիշը:
– Չափանիշը, նորից եմ կրկնում, երկրում տիրող իրավիճակն է: Եթե ինքը թվերով է խոսում, թող հետևյալ թվից խոսի. որքա՞ն մարդ է դուրս եկել Հայաստանից հունվար-փետրվար ամիսների ընթացքում: Ավելի քան 22 000 հոգի: Այդպիսի թիվ չի եղել նույնիսկ 2008 թվականին, երբ ազգաբնակչության թիվն ավելի մեծ էր, քան այսօր, այն ժամանակ 16.000 քաղաքացի հեռացավ Հայաստանից, այժմ` մոտ 35 տոկոսով ավելի:
Այս թիվն է այն ցուցանիշը, որով նա պետք է առաջնորդվի, ոչ թե 3000գ Կապ չունի, այստեղ կարող է` 300 մարդ լինել, բայց երկիրը կանգնած է լուրջ փոփոխություններին ընդառաջ, երկրում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ինքը փոփոխությունների մասին որևէ բան չասաց, ընդհակառակը` նա իր ասուլիսում ասաց, որ գոհ է կառավարության աշխատանքից: Եթե գոհ է, այսինքն` այս իրավիճակը, որը ստեղծվել է, հենց Սերժի քաղաքականության արդյունքն է:
Ինքը դա հաստատում է: Այսինքն` մենք Սերժ Սարգսյանից և իր թիմի հետագա գործունեությունից որևէ փոփոխություն չենք կարող ակնկալել: Քաղաքացուն դրել են այն վիճակի մեջ, որ նա ստիպված հեռանում է իր երկրից: Դա մտածված արտագաղթի քաղաքականություն է: Ի՞նչ է մեզ սպասվում, 2-3 տարի հետո մենք ունենալու ենք ծերերից և հիվանդներից բաղկացած երկի՞ր, երբ որևէ մեկը փորձի ներդրում կատարել Հայաստանում, աշխատող ձեռքեր կամ աշխատող ուղեղներ այլևս չե՞ն լինելու մեր երկրում: Այն առողջ հատվածը, որն ի վիճակի է որևէ բան ստեղծելու, հեռանում է երկրից: Դրա մասին պետք է մտածի Սերժ Սարգսյանը:
Չեմ խոսում այն մասին, որ նա պարտավոր է նաև երկրի անվտանգության մասին մտածել: Իսկ ինչո՞ւ նա երեկ չխոսեց կարևորագույն հարցերից մեկի` անվտանգության` դատարկվող սահմանամերձ գոտու մասին: Ինչո՞ւ այդ մասին չխոսեց, չէ՞ որ սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է այսօր:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում անցկացվելիք այդ անհրաժեշտ փոփոխությունները, դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկնե՞րն են Սերժ Սարգսյանին, սահմանադրական բարեփոխումնե՞րը, թե՞ այլ քայլերի անհրաժեշտություն կա:
– Դժվար է հիմա ասել: Իհարկե, ես ունեմ փոփոխությունների իմ ծրագիրը, բայց քանի որ այսօր մի կողմում Սերժ Սարգսյանն է, մյուս կողմում` Րաֆֆի Հովհաննիսյանը, և ժողովուրդը դեռևս իր խոսքը չի ասել, այսինքն` դեռևս սպասումների մեջ է` տեսնի, թե ի՞նչ է լինելու: Ժողովուրդը մի օր անպայման ասելու է իր խոսքը և հուժկու ձևով է ասելու: Ինչ վերաբերում է իմ պատկերացումներին, գտնում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկրում առաջանա «կլոր սեղանի» հնարավորություն, մթնոլորտ, որտեղ ազդեցիկ մարդիկ, անհատներ, դրանք կլինեն քաղաքական ուժերի թե քաղաքական գործիչների կամ հասարակական կառույցների տեսքով, կարողանան հավաքվել մի տեղ և հավասարը հավասարի քննարկել, թե ի՞նչ ճանապարհով պետք է այսուհետ երկիրն ընթանա:
Ես իմ հարցազրույցներում խոսել եմ «կլոր սեղանի» տեսության մասին և այդպես եմ տեսնում ճանապարհը, որովհետև երեկվա մամուլի ասուլիսով Սերժն ավելի հեռացավ այդ հնարավորությունից: Նա չի ցանկանում օգտագործել այն հնարավորությունը, որն այժմ ունի:
– Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դադարեցնի հացադուլը և գնա երկխոսությա՞ն, թե՞ չեք տեսնում այդ պատրաստակամությունը Սերժ Սարգսյանի կողմից:
– Ես Սերժ Սարգսյանի կողմից չեմ տեսնում այդպիսի ընկալում` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և դրանից դուրս գալու պատրաստակամություն:
«168 ԺԱՄ»