Բաժիններ՝

Վիճակագրությունն այլ բան է ասում, մասնագետներն՝ այլ

Պաշտոնական վիճակագրությամբ` Հայաստանում ասթմա և ասթմատիկ ստատուս ունեցող անձանց թվի աճ չի նկատվում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս ախտորոշմամբ  տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը  2006-2012 թթ. ևս չի աճել: Այսպես, 2006-ին ասթմա և ասթմատիկ ստատուս ախտորոշմամբ՝ դիսպանսեր հսկողության տակ են գտնվել՝ 4349, 2007-ին՝ 4306, 2008-ին՝ 4095, 2009-ին՝ 4091, 2010-ին՝ 4033, իսկ 2011-ին՝ 4215 մեծահասակ և դեռահաս մարդ:

Վիճակագրությունը մի փոքր տարբերվում է 0-14 տարեկան երեխաների առումով: 2006-2011  թթ. տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարիներին ասթմայով հիվանդ երեխաների աճ է գրանցվել: 2006-ին դիսպանսեր հսկողության տակ է գտնվել՝ 401, 2007-ին՝ 389, 2008-ին՝ 397, 2009-ին՝ 403, 2010-ին՝ 453, իսկ 2011-ին՝ 456 երեխա:

Չնայած պաշտոնական վիճակագրությունը հիվանդության աճ չի արձանագրում, այնուամենայնիվ, որոշ մասնագետներ պնդում են, որ հիվանդություն ունեցող մարդկանց թիվն ավելանում է: Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ևս ասթմայով հիվանդ անձանց թվի աճ է նկատել: Մասնագետը, սակայն, դժվարացավ ասել՝ ինչն է այս հիվանդությամբ տառապող անձանց թվի ավելացման պատճառը:

«Այդ հարցին պատասխանելու համար Եվրոպառլամենտը միլիարդավոր դոլարներ է տրամադրում  հետազոտություն անելու համար: Մի քանի տեսակետներ կան, բայց դրանք վերջնականապես ցույց չեն տալիս՝ ի՞նչն է պատճառը, որ ալերգիաների տարածվածությունը նման աճ ունի»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաաստանում գործող Անձավաբուժական կենտրոնի աշխատանքները գնահատել չի կարող, չի կարող ասել՝ որքան է դրա էֆեկտիվությունը. «Այդպիսի կենտրոնների աշխատանքները գիտական հետազոտություններով են գնահատվում, որոնք չկան, այսինքն՝ չկան տվյալներ, որոնք ասում են, որ դա լավ է, չկան տվյալներ, որ ասում են՝ վատ է»:

Կարդացեք նաև

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում ասթմայով հիվանդների թվի աճ էր արձանագրել նաև ՀՀ  ԱՆ «Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Ոսկանյանը:

Ըստ նրա՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 10 տարիների ընթացքում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի շրջանում ասթմայով հիվանդների թիվը կրկնապատկվել է: «Խնդիրն այն չէ, որ մենք շատ ենք աղտոտում օդը: Խնդիրն այն է, որ մարդու քաղաքակրթությունը շատ ավելի արագ է զարգանում, քան բնականորեն պաշտպանական համակարգը հարմարվում է այդ ցիվիլիզացիային: Չի հասցնում հարմարվել: Ասթման, ալերգիան և մյուս հիվանդություններն արտահայտվում են այն ժամանակ, երբ արտաքին աշխարհի գործոններն այս կամ այն չափով գերազանցում են իր հնարավորությունները»,- պատճառաբանել էր Անդրանիկ Ոսկանյանը: Նա նաև նշել էր, որ հիվանդության աճ գրանցվում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս