Էրդողանը հերքել է սիրիացի ապստամբներին քիմիական զենք հատկացնելու մասին մեղադրանքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Դանիա մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Թուրքիան «երբեք» քիմիական զենք չի կիրառել՝ դրանով իսկ հերքելով պաշտոնական Դամասկոսի բոլոր մեղադրանքները՝ կապված սիրիացի ապստամբների կողմից Հալեպում քիմիական զենքի կիրառման փաստի հետ.

«Թուրքիան երբեք և ոչ մի դեպքում չի օգտագործել քիմիական զենք: Այն անգամ մեզ մոտ չկա գրանցամատյանում»: Երեկ Հալեպի նահանգում ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 86 մարդ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ժանդարմերիայի նախկին հրամանատար Նեջդեթ Օզելը 1999 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի Բալլըքայա գյուղի մոտ գրանցված բախման ժամանակ PKK-ականների դեմ քիմիական զենք կիրառելու համար քրդերի շրջանում և ընդհանրապես Թուրքիայում հայտնի «Քիմիական Նեջդեթ» մականվամբ։

Ի դեպ, 2010 թվականի օգոստոսին եվրոպական (մասնավորապես` գերմանական) մամուլում շրջանառության մեջ էր մտել այն լուրը, թե թուրքական զինուժը PKK զինյալների դեմ պայքարում քիմիական զենք է օգտագործում և մասնատում է նրանց դիակները: Գերմանական Der Spiegel թերթը տեղեկատվություն էր տարածել, որ խմբագրությունում ստացվել են զոհված 8 քուրդ զինյալների լուսանկարներ, որոնց մահվան պատճառը եղել է քիմիական զենքի կիրառումը:
Այն ժամանակ գերմանական Բունդեսթագի զինաթափման գծով հանձնաժողովի նախագահ Ուտա Ցապֆը հայտարարել էր, որ եթե դա ապացուցվի, ապա Թուրքիային կսպառնա միջազգային պայմանագրերին համապատասխան պատժամիջոցների կիրառումը:

Քիմիական զենքի կիրառումն արգելված է 1899 թվականի Հաագայի կոնվենցիայով, որի 23-րդ հոդվածով արգելվում է այնպիսի զինամթերքի կիրառումը, որի միակ նշանակությունը հակառակորդի կենդանի ուժը թունավորելն է, ինչպես նաև 1925 թվականի Ժնևյան արձանագրությամբ ու 1993 թվականի՝ քիմիական զենքի մշակումը, արտադրությունը, կուտակումն ու կիրառումն արգելող Ժնևյան կոնվենցիայով:

Թուրքիան վերջինիս տակ իր ստորագրությունը դրել է 1993 թվականի հունվարի 14-ին: Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (OPCW) անդամակցելու որոշումը Թուրքիայում վավերացվել է 1997 թվականի մայիսի 12-ին և ուժի մեջ մտել 1997 թվականի հունիսի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս